26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայրենիքը մարդու արժանապատվության կենդանի պատկերն է, ինչպիսին դուք եք՝ այնպիսին էլ ձեր հայրենիքն է․․․ Արթուր Սաֆարյան

Հայրենիքը մարդու արժանապատվության կենդանի պատկերն է, ինչպիսին դուք եք՝ այնպիսին էլ ձեր հայրենիքն է․․․ Արթուր Սաֆարյան

Հայ երգահան, պրոդյուսեր Արթուր Սաֆարյանի հետ հիմնականում զրուցել ենք 44-օրյա պատերազմի մասին, որի մասնակիցն է եղել երաժիշտը։ Արթուրը կարծում է՝ մեր պարտության առաջին պատճառներից մեկն այն է, որ պատերազմը չդարձավ հայրենական, որ մենք ազգովի չգիտակցեցինք այդ պայքարի կարևորությունը։ Չնայած ստեղծված վիճակին՝ պրոդյուսերը վստահ է՝ ի վերջո ամեն ինչ դեռ կարելի է ուղղել․ պետք է միայն գիտակցել, որ հայրենիքը վեր է ցանկացած նեղ անձնական շահից։

-Կան մարդիկ, որոնք չեն ցանկանում խոսել Արցախի մասին՝ ասելով, որ իրենց համար դժվար է խոսել: Հիմա ցանկացած խոսակցություն Արցախի մասին՝ կարծես Արցախի հիշողությունների մասին զրույց լինի։ Դու՞ք էլ եք այդ կարծիքին։  

-Ես հիմա, առավել քան երբևէ, նախընտրում եմ խոսել՝ խոսել, պատմել, եթե պետք է գոռալ․․․Պետք չի անարմատ բույսի նման ապրել։

-Ուրեմն սկսենք սկզբից՝ Ձեր ծագումից։

-Ես ծնվել եմ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում՝ 1972 թ․, պատմական Վաճառ գյուղաքաղաքում, որը միջնադարում շատ հայտնի կենտրոն է եղել։ Մինչև հիմա էլ այնտեղ մեծ բնակավայրի հետքեր կան, որտեղ կան հին շինությունների, եկեղեցիների ավերակներ, հազարավոր խաչքարեր՝ սփռված հսկայական տարածության վրա։ Հետագայում հարևանությամբ կառուցվել է ժամանակակից գյուղը, որն անվանել են Ծմակահող։ Իմ ամենավառ հիշողությունները Արցախում անցկացրած տարիներից են։ 7-8 տարի եմ ապրել գյուղում, բայց ամառները պարտադիր գյուղում էի անցկացնում։ Ամբողջ ամառային արձակուրդներս այդ գետերում, հովիտներում էր անցնում։ Ես շատ անկախ և ինքնուրույն երեխա էի, և այդ տարիների հիշողությունները շատ վառ են մնացել։

-Հայրենիքը Ձեզ համար ի՞նչ սահմաններ ունի, որտեղի՞ց է այն սկսվում և որտեղ՝ ավարտվում։

-Հայրենիքը մարդու արժանապատվության կենդանի պատկերն է, ինչպիսին դուք եք՝ այնպիսին էլ ձեր հայրենիքն է․․․

– Ինչպիսի՞ն է այդ պատկերը Ձեզ համար։

-Ես դրա համար եմ վիրավորված՝ լռելու, չխոսելու, չըմբոստանալու՝ ըմբոստանալու, բայց կարգին չըմբոստանալու համար։ Ոչ թե միտինգ ու ցույց պետք է անեն, այլ տղամարդավարի պետք է ըմբոստանան՝ ասելով հերիք է, այսպես չի կարող շարունակվել։ Վատ բանը պետք չի շարունակել մինչև վերջ՝ հասկանալու համար, որ դա վատ է։ Խելացի մարդը ցանկացած վատ բան պետք է արմատախիլ անի հենց սկզբից։ Կարող ես սխալվել՝ սխալվելն էլ է մարդու համար, բայց մի բան է, երբ դու ընդունում ես սխալդ, և քայլեր ես անում այն ուղղելու համար և մեկ այլ բան է, երբ սխալվում ես և քո դեմագոգիկ պահվածքով շարունակում ես պնդել, որ դու իրավացի ես։

-Իսկ ժողովուրդն ինքնուրույն է հասնում, թե՞ նրան հասցնում են այդ վիճակին։

-Աշխարհի տարբեր ժողովուրդներ, տարբեր իրավիճակներից ելնելով, երբ դանակը ոսկորին է հասել, և համբերության բաժակը լցվել է, ամենառադիկալ քայլերն են արել և շտկել են իրավիճակը։ Պատմության մեջ որքան այդպիսի իրադարձություններ են տեղի ունեցել․ հեղափոխություններ, ապստամբություններ։ Մեր ժողովրդի պատմության մեջ նման եղելությունները նույնպես բազմաթիվ են։ Այստեղ գիտե՞ք ինչն է խնդիրը՝ չարի լեզուն ժամանակին կտրելը։ Մենք հասել ենք այս օրվան, որովհետև ժամանակին չարը արմատախիլ չի արվել ու այսօր էլ չի արվում։ Հետո՞, մինչև ու՞ր, ամեն ինչ վերջ ունի չէ՞, մի տեղ ամեն ինչ վերջանում է։ Մենք, կամ մեր ժողովուրդը ինչի՞ն ենք սպասում, ինչի՞ն ենք սպասում կոնկրետ, սպասում ենք, որ ի՞նչ լինի, որ ինչ անենք։

2020 թ․, երբ սկսվեց պատերազմը՝ ի դեպ ես այն ընկալում եմ որպես Հայրենական պատերազմ, և պարտադիր չի չէ՞ նացիստական Գերմանիայի օրինակով՝ ենթադրենք 3-4 հազար կմ ճակատ լինի, որ դա կոչվի Հայրենական պատերազմ, և բացարձակ պարտադիր չէ, որ այդ տերմինը արտաբերելու համար այդ պետությունը լինի 340 միլիոնանոց։ Մեր հայրենքիը սա է, մենք այսքան ենք, մեր ունեցածը սա է, և հարձակվել են այս հայրենիքի վրա, դա ի՞նչ է, հայրենական պատերազմ չէ՞, իսկ հայրենական պատերազմի ժամանակ, այդ հայրենիքի տեր ժողովուրդը ինչպե՞ս է արձագանքում։ Ես բնավ չեմ ասում, որ մարդիկ չեն արձագանքել, ոտքի չեն կանգնել, և հազար փառք ու պատիվ այդ ոտքի կանգնողներին։ Ռեալ գնահատենք․ քանի՞սն են հասկացել դրա կարևորությունը, քանի՞սն են ոտքի կանգնել, քանի՞սն են պատրաստ եղել գնալ, կանգնել սահմանին։ Մեր ժողովրդի պարագայում, արդյոք այդքան զինվորը բավարա՞ր էր։

-Արթո՛ւր, բայց 2020 թ կարծում եմ, իսկապես, զարթոնք էր, բոլորն իրենց չափով աշխատում էին որևէ բանով օգտակար լինել, զինկոմիսարիատների մոտ հերթեր էին։ Հիմա, իհարկե, ոգին էլ այդպիսիսն չէ, էլ պայքարելու պատրաստակամություն չկա, բայց 2020 թ․-ին այլ էր։

-Հիմա դա արդարացնելը հեշտ է, կամ մարդիկ են մտածում, որ կարելի է արդարացնել։ Ես նորից եմ ասում՝ մենք 3 միլիոն ենք։ Ուղղակի կոնկրետ, այսպես կացնային եմ ասում․ մենք 3 միլիոն ենք՝ 3 միլիոնանոց ազգը, հարկ եղած պահին, պետք է 300․000 անոց բանակ ունենա։ Թեկուզ կեսը կամավորներով, կեսը՝ զոռով։ Մուսի-պուսիով Հայրենիք չեն պահում, փշի-փշիով Հայրենիք չեն պահում, հողը արյունով են պահում։ Ովքեր վեր կացան, գնացին, նրանք մինչև գնալը՝ այստեղ արդեն համակերպվել էին իրենց զոհվելու հետ։ Ով գնացել է, իմ ասածը կփաստի։ Դու, եթե գնում ես առաջնագիծ, մինչև ներքուստ՝ քո ներսում, չհամակերպվես այն փաստի հետ, որ դու զոհվելու ես, բայց նաև հաղթելու ես, չես գնա։ Չեմ ասում միայն համակերպվելու ես այն մտքի հետ, որ զոհվելու ես, պետք պարզապես նաև սառը դատես, որ հնարավոր է զոհվես։ Վեր կենալ գնալու համար այ այդքան ուժեղ պետք է լինես։ Բոլորս էլ հիշում ենք չէ՞ զինկոմիսարիատների մոտ հավաքված բազմամարդ հերթերը։ Մարդիկ խնդրում էին, որ իրենց ուղարկեն, բայց շատերին չուղարկեցին չէ՞, բայց գնացողը գնաց չէ՞․․․ Տունդ այրում են, դու ինչ-որ մեկից թույլտվություն ես վերցնում արգելե՞ս, թե՞ չարգելես, գնաս ձեռքը բռնե՞ս, թե՞ չբռնես։

-Դուք Առաջին արցախյան պատերազմին մասնակցել եք, որպես վավերագրող, իսկ երկրորդին՝ որպես մարտիկ, Ձեր կարծիքով ինչու՞ հաղթեցինք առաջին պատերազմում և պարտվեցինք երկրորդում։

-Ես դրա համար եմ ասում՝ դա Հայրենական պատերազմ էր ու այդ արհավիրքին դիմակայելու համար համազգային բում ասեմ, համազգային ըմբոստություն ասեմ, չկար։ Առաջին պատերազմի ժամանակ այլ էր։ Ինքնության, արժանապատվության գիտակցության տարբերություն կա այդ երկուսի դեպքում։ Ես դա տեսել եմ այն ժամանակ էլ, մյուսի ժամանակ էլ։ Այն խայտառակ մոտեցումները, Հայրենիքի, սահմանի, զինվորի, բանակի, հայի արժանապատվության հանդեպ, այդ խայտառակ մոտեցումները, որոնց այսօր կարելի է հանդիպել, 90-ականներին չկար։ Քի՞չ եք լսել, որ ասում են՝ արա դե զզվեցինք էլի էդ Ղարաբաղից, թող տա,ն ռադ ըլնի գնա։ Կա՞ մեկը, որ չունի զոմբիացած հարևան, ում այն սարսափ կինոների նման կարծես վզից կծել են և ինքը դարձել է այդպիսին․ վստահ եմ, որ ունեք։ Ես ազգականներ ունեմ, ում դեմքերը չեմ ուզում տեսնել։ Իրենց համար իրենց ոստիկան երեխայի 40․000 դրամ հավելավճարը իրենց հոր մոր գերեզմանից թանկ է։ Ես վիրավորված եմ 2020 թ․ պատերազմի հանդեպ մեր վերաբերմունքից։ Ես կարծում եմ, որ 2020 թ․ համազգային չարիքին, համազգային սպառնալիքին, մենք համարժեք պատասխան չտվեցինք։ Բոլորի սխալները և բացթողումները գիտենք, բայց միևնույն է համընդհանուր ընդվզում չկար, համարժեք ըմբոստություն չկար, գիտակցությունը խամրած էր 90-ականների համեմատ։

-Նույնիսկ ծանր իրավիճակներում Ձեզ թույլ տալի՞ս էիք մտածել, որ հնարավոր է՝ պարտվենք։ Մարտիկների հոգեբանությունն եմ ուզում հասկանալ։

-Կռվող մարդը շատ բան չի էլ մտածում՝ մտածելու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ հնարավորություն։ Եթե կռվում ես, հավատում ես, որ անիմաստ չես կռվում։ Եթե գլխավերևումդ անընդհատ արկեր են պայթում, մարդ մտածում է, որ այս ամենն իզուր չէ՝ իր հետևում գյուղ կա, հարազատներ կան, ընտանիք կա, մարդիկ կան, որոնք իր կարիքն ունեն՝ հատկապես, երբ մեջքիդ հետևում քեզ անընդհատ խաբում են, որ հաղթելու ենք։ Կռվի դաշտում դու ինքդ ես համոզված, որ եթե կռվում ես, ուրեմն հաղթելու ես։ Ամենաահավորը դրանից հետո եկող հիասթափությունն է։ Այդ փշրված իրականությունը, հոգուդ նսեմացումը, երբ ինքդ քո աչքին նսեմանում ես, որովհետև մտքիդ մեջ 1000 անգամ ինքդ քեզ կրկնում ես՝ երանի նրանց, ովքեր զոհվեցին, ովքեր հիմա չեն տեսնում այս ամենը։ Հետո դու ամբողջ կյանքդ դրա հետ ես ապրում ․․․Ես չգիտեմ՝ ով, բայց հանճարեղ միտք է ասել․ «Մարդը պատերազմից դուրս է գալիս, պատերազմը մարդու միջից դուրս չի գալիս»։ Ո՞վ, թեկուզ 10 րոպե զգացել է դա ինչ է, ամբողջ կյանքում դրա հետ են ապրելու։ Էլի ապրես, բայց գոնե իմանաս, որ այն ինչ արել ես գոնե մի գրոշի արժեք ունի։ Ես հիշում եմ մեր ժամկետայինների, մեր կամավորների տառապանքները, ես հիշում եմ այդ տղերքին, որ պատրաստ էին մյուսի կյանքը փրկելու համար իրենցը զոհաբերել, հիշում եմ այդ վառվող աչքերով երեխեքին, որ ամեն ինչ տեսան․․․Ինչ երևակայել անգամ հնարավոր չի՝ դա էլ տեսան։ Բայց իրենք հավատում էին․․․Ու այդ երեխաների անասելի տառապանքը այդպիսի ավարտ ունեցավ։ Չէ, ես բացարձակ չեմ ասում, որ նրանց արածը իզուր էր։ Պատկերացրեք, եթե անգամ դա չանեին, պատկերացրեք, եթե այդ հերոսություն օրինակները չլինեին, ի դեպ մարդիկ դասակներով ու ջոկերով էին հերոսություն անում՝ ոչ անհատապես, որովհետև ուրիշ ճար ու հնար չկար։

-Իսկ ժողովուրդը պարտված պատերազմից իր համար հերոսներ կերտու՞մ է։

-Ես կարծում եմ հերոսը հաղթանակի և պարտության հետ կապ չունի։ Հիմա մեր Եռաբլուրում պառկած տղաները հերոս չե՞ն, եթե մենք պատերազմը տանուլ ենք տվել։ Իսկ եթե իրենք չլինեի՞ն ինչ կլիներ։ Եկեք մի պահ պատկերացնենք․ քեզ վրա հեղեղ է գալիս, դու գուցե չես կարողանում ամբողջությամբ փակել ճանապարհը, բայց մասամբ փակում ես և տուն ու տեղդ մասամբ կանգուն է մնում՝ դա հերիք չէ՞ հերոսացնելու համար։ Այսպիսի կարծիք էլ կա, որ զոհվեցին հանուն ոչնչի․․․ Ինչ հոգի պիտի ունենա մարդ, որ այդպիսի բան ասի․․․Իրո՞ք հանուն ոչնչի էր դա։ Ներողություն, իսկ եթե հանուն ոչնչի զոհվեցին, երբ զինադադարը եղավ, երբ նոյեմբերի 9-ը եղավ, ի՞նչ էր վերցրել թուրքը և դրանից հետո ինչ վերցրեց։ Քարտեզ կա՝ դրեք, համեմատեք։ Դրեք, համեմատեք՝ 2020 թ․ թուրքն ի՞նչ էր գրավել աշխարհի ամենաէլիտար ստորաբաժանումների օգնությամբ Արցախում՝ ժայռերին կառչած մի բուռ տղերքի, մի բուռ բանակի դեմ  պատերազմելուց, և դրանից հետո ինչ վերցրեց․․․ Այդ տղաների արածը մինչև մայիսի 9 էր, դրանից հետո եղածի հետ այդ տղաները կապ չունեն։

-Կարծիքներ եմ լսել, որ մինչև չիմանաք, թե այդ 44 օրում Արցախում իսկապես, ինչ եղավ, առաջ գնալ չենք կարող։ Մինչև չքննենք, չվերաիմաստավորենք ամեն ինչ, երկրի առաջընթացն անհնար կլինի։

-Այն ժամանակ պարզ չէր, հիմա էլ պարզ չէ․․․Այնպես չէ, որ ես ինչ-որ ստույգ ինֆորմացիայի եմ տիրապետում, բանակցությունների, կամ պետական որոշումների վերաբերյալ, բայց կարող եմ ենթադրել և դրանք ստուգել ժամանակի ընթացքում տեղի ունեցող իրադարձություններով։ Նորից եմ ասում, քարը գլուխը, թե ինչ եղավ՝ եթե մեր ժողովրդի 80 տոկոսը չուզենար, որ այդպես լինի՝ չէր լինի։ 92-93 թվականներին ոչ-ոք չէր խոսում դավաճանության, սև ու սպիտակի, դիմադիր ու ընդդիմադիր ուժերի մասին․  մեկն էլ խոսեր, գլուխը կպոկեին։ Պատկերացնու՞մ եք այն ժամանակ նույնիսկ մեկի մտքով անցներ ասել, որ մենք ճանաչում ենք Արցախն Ադրբեջանի մաս՝ կգնդակահարեին փողոցում և ճիշտ էլ կանեին․․․

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը