Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից․ այս մասին գրում է Timesofisrael.com-ը:
Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն ջանում է վերականգնել տարածաշրջանային կոալիցիան, որն այս տարվա ապրիլին կարողացել էր գրեթե ամբողջությամբ խափանել Իսրայելի վրա իրանական ուղղակի հարձակումը, որի ժամանակ Իրանն ավելի քան 300 հրթիռ և անօդաչու էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում իրանցի բարձրաստիճան բանակի գեներալների սպանությանը:
Ենթադրյալ իրանական հարձակումը կարող է տեղի ունենալ երկուշաբթի, գրում է Axios-ը, որը հղում է անում ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներին:
Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:
Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք, հաղորդում է իսրայելական Channel 12-ը: