13 Նոյ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
-0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզ-2024. Հպարտ եմ, որ կարողացա Հայաստանի պատիվը բարձր պահել մարմնամարզությունում. Արթուր Դավթյան

Փարիզ-2024. Հպարտ եմ, որ կարողացա Հայաստանի պատիվը բարձր պահել մարմնամարզությունում. Արթուր Դավթյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը մեկնաբանել է իր մեդալային ելույթը։

«Իսկապես դժվար ստացվեց, քանի որ որակավորման փուլում ցատկս վատն էր: Նույնիսկ հարց էր առաջացել, թե կմտնեմ արդյոք եզրափակիչ: Մի կերպ այդ օրն անցկացրեցինք: Սպասում էի երկար: Կարող էի  երկու ցատկս էլ ավելի լավ կատարեի: Գնահատականների տարբերությունը շատ քիչ է առաջին տեղի հետ համեմատ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Դավթյանը:

ՕԽ արծաթե մեդալակրի խոսքով` ինքն այդքան էլ ուրախ չէ արծաթի համար, քանի որ Փարիզ էր եկել ոսկե մեդալի հետևից:

«Հպարտ եմ, որ կարողացա Հայաստանի պատիվը բարձր պահել մարմնամարզությունում: Տոկիոյի Օլիմպիական խաղերում նպատակս մեդալն էր, իսկ այդտեղ ես տեսնում էի այդ հնարավորությունը՝ չեմպիոն դառնալու: Այդ է պատճառը, որ ուրախությունս ամբողջական չէ: Գուցե հաջորդ Օլիմպիական խաղերին ոսկե մեդալ լինի»,- առանձնացրել է նա։

Դավթյանը հաջողություն մաղթեց Հայաստանի օլիմպիական հավաքականի մյուս անդամներին, ովքեր դեռևս նոր են սկսում պայքարը Փարիզ-2024-ում:Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր: Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում մարմնամարզիկները մրցեցին հենացատկի մեդալների համար։

Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այդ վարժության եզրափակիչում հավաքեց 14.966 միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Օլիմպիական խաղերի չեմպիոնը ֆիլիպինցի Յուլո Կարլոսն է: Եռյակի վերջում Մեծ Բրիտանիայից Հարի Հեփվորթն է: