Բլինքենը հայտնել է Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման օրը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը G7-ի երկրների արտգործնախարարներին տեղեկացրել է, որ Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել առաջիկա օրվա ընթացքում․ տեղեկացնում է Axios պորտալը՝ իր աղբյուրներին հղումով։
«Բլինքենը G7-ի երկրների իր գործընկերներին ասել է, որ Իրանի և «Հեզբոլլահի» հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն երկուշաբթի»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարծում է՝ Իրանն ու «Հեզբոլլահը» պատասխան միջոցներ կձեռնարկեն, սակայն «դեռ պարզ չէ, թե պատասխան հարվածն ինչ ձևով կլինի»։ Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, Բլինքենը հայտնել է, որ ԱՄՆ-ն չգիտի հնարավոր հարձակման հստակ ժամկետը, սակայն ընդգծել է, որ այն կարող է սկսվել առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։
Բացի այդ, Բլինքենը G7-ի երկրների ԱԳ նախարարներին հայտնել է, որ տարածաշրջանում ամերիկյան զորքերի թվի ավելացումը «բացառապես պաշտպանական նպատակներ» է հետապնդում։