
Իսրայելը չի ցանկանում դադարեցնել տաք գործողություններն Իրանի և Լիբանանի նկատմամբ․ արաբագետ
ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո «Հեզբոլլահը» մի քանի հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ, և այս երկրի համար պարզ էր, որ դրանք միմյանց հետ կապակցված գործողություններ են. ABC media-ի հետ զրույցում ասել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Իհարկե, դա վերջնական պատասխան չէ։ «Հեզբոլլահը» հոկտեմբերից ի վեր, երբ մեկնարկեց պատերազմական գործընթացը, ակտիվ ռազմագործողությունների մեջ է, պարբերաբար թիրախավորում է Իսրայելի տարածքը, որին պատասխանում է Իսրայելը։ Սակայն նշենք՝ Իսրայելը շատ լուրջ առիթ է փնտրում Լիբանանում ևս ռազմական գործողություն իրականացնելու այնպես, ինչպես Գազայում է իրականացնում։ Այն շատ լավ գիտակցում են և՛ Իրանում, և՛ Լիբանանում»,- ասել է արաբագետը։
Պետրոսյանը, խոսելով Լիբանանի և Իրանի պատասխանի մասին, նշել է, որ այն պետք է լինի այնպիսի տրամաբանությամբ, որ լայնամասշտաբ պատերազմի չհանգեցնի։
«Իսրայելը չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները և անում է ամենը, որ կրակը շարունակի մնալ այնքան, որքան կարող է պահել»,- նշել է Արմեն Պետրոսյանը։