24 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգ և ադրբեջանական պահանջներ. ի՞նչ անել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգ և ադրբեջանական պահանջներ. ի՞նչ անել

Վերջերս Շուշիում Ալիևը խոսել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգից՝ շեշտելով, որ արդեն Երևանի հետ 80-90%-ով համաձայնեցված է խաղաղության պայմանագիրը։ Ալիևի խոսքերով Երևանին մնացել է զիջումների գնալ Մինսկի խմբի լուծարման և սեփական սահմանադրության փոփոխության հարցում։ Ըստ Ալիևի` Սահմանադրության փոփոխությունը զուտ Հայաստանի ներքին գործը չէ, քանի որ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա Անկախության հռչակագրին։ Իսկ Անկախության հռչակագրի հղումը Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին է, որը սպառնալիք է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և անհնար է դարձնում խաղաղության պայմանագրի կնքումը։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ևս հայտարարում էր Հայաստանի Գլխավոր օրենքի փոփոխության անհրաժեշտության մասին։ Բացի այդ, արդեն ձևավորվել է հանձնաժողով, որը զբաղվում է նոր Սահմանադրության մշակման հարցերով։ Ըստ էության՝ Ալիևի և Նիկոլի միջև վաղուց են ձեռք բերվել պայմանավորվածություններ, որոնք ներկայում ի կատար են ածվում։  Ինչ վերաբերվում է Մինսկի խմբի լուծարմանը, ապա ներկայիս իշխանությունները դրա համար ևս հող են նախապատրաստում։ Մասնավորապես, տարբեր մերձիշխանական վերլուծաբանների և ՔՊ-ական պաշտոնյաների կողմից հանրային տիրույթում քննադատվում և անօգուտ են համարվում Մինսկի խմբի աշխատանքները։

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարություններին, թե Հայաստանի Սահմանադրության և անկախության հռչակագրի մեջ կա սպառնալիք Ադրբեջանի հանդեպ՝ այս նույն իշխանական վերլուծաբանները պաշտպանում են Բաքվի բռնապետի տեսակետը։ Ըստ այս վերլուծաբանների՝ Արցախը համարվում է Ադրբեջանի մաս, և վերամիավորման մասին ցանկացած պետական փաստաթղթում ամրագրում հավասարազոր է տարածքային սպառնալիքի և հակասում է միջազգային նորմերին։ Այսպիսի տեսաբանները խոսելուց առաջ լավ կանեին գոնե մեկ անգամ ուսումնասիրեին 1919 ական թվականների Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը։ Այնտեղ պատկերված են Հայաստանի Առաջին հանրապետությունը և այն ժամանակվա Դեմոկրատական Ադրբեջանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Քարտեզներից հստակ երևում է, որ Լեռնային Արցախը և նրա դաշտավայրային հատվածի մեծ մասը պատկանում է Հայաստանին։ Ասվածի վառ ապացույցն է Վիլսոնյան իրավարար վճռի քարտեզը, որտեղ, բացի 90 հազ քառ. կմ. տարածքից, որ պետք է միացվեր Հայաստանին, հստակ երևում է բուն Հայաստանի Հանրապետությունը իր 70 հազ. քառ. կմ. միջազգայնորեն ճանաչված տարածքով:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգ և ադրբեջանական պահանջներ. ի՞նչ անել

Վիլսոնյան իրավարար վճռի քարտեզը

Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը  իրեն համարում է Դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդը, և հենց միայն այս հանգամանքը ապացուցում է, որ Ադրբեջանը չէր կարող, ոչ մի պահանջատիրական հայտ ներկայացնել Արցախի հանդեպ։ Ի դեպ, մի փոքր պատմական ակնարկ Դեմոկրատական Ադրբեջանի մասին։ 1918թ մայիսի 27-ին, երբ այն հռչակեց իր անկախությունը, երկիրը պաշտոնապես անվանվեց Արևելյան Կովկասի Մուսուլմանական Դեմոկրատական Հանրապետություն։ Այստեղ, պետության անվանումը ցույց է տալիս կրոնական պատկանելիություն, աշխարհագրական դիրք, բայց ոչ ազգություն։ Պետության դրոշն էլ էր այլ, այն գրեթե կրկնօրինակում էր Թուրքիայի և Օսմանյան կայսրության դրոշը։ Հետագայում, մինչև 1919թ. նոյեմբերի 9-ը, փոփոխության ենթարկվեցին պետության անվանումն էլ, դրոշն էլ, որոնք պահպանվեցին մինչ այժմ։

Այսպիսով, լիովին անիմաստ են հանրային տիրույթում տարածված, որոշ տեսաբանների այն պնդումները, որոնցով արդարացվում են Բաքվի ռեժիմի պահանջները Հայաստանի Սահմանադրության և Անկախության հռչակագրի մասով։ Եթե լինենք ավելի անկեղծ, 1921թ. Կարսի պայմանագրով Արցախի Խորհրդային Ադրբեջանին անցնելու փաստը ամբողջությամբ հակասում էր միջազգայնորեն ընդունված իրավունքի նորմերին, քանի որ, այդ պայմանագիրը կնքվել էր երկու միջազգայնորեն չճանաչված սուբյեկտների՝ Քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև։ Իսկ, ինչպես գիտենք, Թուրքիայի Հանրապետության միջազգային ճանաչման պրոցեսը սկսվել է 1923թ.-ից, երբ նրանք նոր հրչակեցին իրենց անկախությունը։ Խորհրդային Ռուսաստանի դեպքում ճանաչման պրոցեսը սկսվել է ավելի ուշ, 1933թ-ից սկսած։ Բաքվում այս ամենը լավ են հասկանում։ Եվ, այդ իսկ պատճառով էլ այսօրվա Հայաստանի կամազուրկ իշխանություններին ստիպում են պետական օրենսդրությունից և փաստաթղթերից հեռացնել Արցախի հետ միավորման բոլոր ձգտումները։ Քանի որ, եթե պաշտոնական Երևանը կամք չունի միավորելու իր պատմական տարածքները և դրանք համարում է հարևան երկրի մաս, դրանով, նաև լեգիտիմացնում է նույն հարևան երկրի կողմից այդ տարածքների բռնազավթումը։ Նույն ժանրի սցենարին է պատկանում նաև Ալիևի այն պահանջը, ըստ որի՝ Հայաստանը պետք է համաձայնի լուծարել Մինսկի խումբը։ Որոշ տեսաբաններ պնդում են, որ Մինսկի խումբը, իրոք, անիմաստ կառույց էր, քանի որ այն չկարողացավ նպաստել Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։ Սակայն, փաստը մնում է փաստ, որ Մինսկի խումբն այն բազմազգ կազմակերպությունն է, որը Արցախյան հիմնահարցը բարձրացնում է միջազգային հարթակ, և այն դադարում է լինել զուտ Ադրբեջանի ներքին գործը կամ ինչ-որ լոկալ տարածքային խնդիր։ Իսկ Մինսկի խմբի լուծարումով՝ մենք համաձայնում ենք, որ Արցախյան հիմնահարցը միայն Ադրբեջանի ներքին խնդիրն էր և այն լուծվեց վերջինիս զինված ուժերի կողմից։ Ինչն էլ միջազգային նորմերի տեսանկյունից լրիվ լեգիտիմ գործընթաց կհամարվի։

Այսպիսով, Բաքուն, հետևողական քայլերով, Երևանին ստիպում է կայացնել այնպիսի որոշումներ, որոնք հետագայում անհնար կդրաձնեն Արցախյան հիմանխնդրի, գոնե որոշ չափով հայանպաստ կարգավորումը։ Իսկ Հայաստանի այսօրվա իշխանություններն էլ չունեն որևէ կարմ գիծ, և հարևան երկրից «Կադաստրի թուղթ» մուրալով, նրանք չեն սահմանափակվի միայն արցախյան հիմանահարցի տապալմամբ։

Աշոտ Բարեքյան