Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում լուրջ բեկում է տեղի ունեցել: Բաքուն հայտնել է, որ որոշել է «փակագծում թողնել» «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցը, գրել է Известия-ն:
Ըստ հոդվածագրի՝ Ադրբեջանի դիրքորոշման կտրուկ փոփոխության պատճառները կարող են լինել մի քանիսը: Մի կողմից՝ անցյալ աշնանը Բաքուն համաձայնել է հաղորդակցություն հաստատել Իրանի հետ, և կողմերը սկսել են կառուցել ճանապարհային կամուրջ, տեղակայել մաքսային և սահմանային անցակետ։ Այս տարվա մայիսին Իլհամ Ալիևն ու Իբրահիմ Ռաիսին հանդիպել են սահմանային գոտում և վստահեցրել միմյանց, որ աշխատանքները նախատեսված ժամկետից շուտ կավարտվեն։ Հասկանալի է, որ Իրանի հետ որևէ հատուկ կարգավիճակի մասին խոսք չկա, սակայն Ադրբեջանի համար խնդրի սրությունը, այնուամենայնիվ, նվազել է, և «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը դարձել է ավելի քիչ կրիտիկական։
Մյուս կողմից՝ այժմ Ադրբեջանի համար կարևոր է բարելավել իր միջազգային իմիջը: Սեպտեմբերին Բաքվուն կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, իսկ նոյեմբերին՝ ՄԱԿ–ի կլիմայական COP29 ներկայացուցչական համաժողովը։ «Հասկանալի է, որ Իլհամ Ալիևն այս ընթացքում չէր ցանկանա անհարկի քննադատություն լսել, և Հայաստանի վրա ճնշումների նվազումը կարող է դրականորեն ընդունվել խոշոր տերությունների և միջազգային կառույցների կողմից», – գրել է կայքը։
Երրորդ կետն այն է, որ Հայաստանի վրա ճնշումը հակազդեցության է բախվում Երևանում, և բողոքի տրամադրություններն ուժեղանում են: Այս գարնանը հանրապետությունում տեղի ունեցած հանրահավաքների մասնակիցները պահանջում էին Ադրբեջանի հետ բանակցություններում ավելի հստակ պաշտպանել երկրի շահերը։ «Միանգամայն հնարավոր է, որ Բաքուն որոշել է թուլացնել ճնշումը, որպեսզի չհանգեցնի իշխանափոխության, քանի որ Հայաստանի նոր ղեկավարները կարող են ավելի քիչ զիջող լինել։ Այս առումով՝ հետաքրքիր է, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը զուգահեռ ադրբեջանցիները մեկ սահմանային դիրք են թողել Տավուշի մարզի հայկական Բերքաբեր գյուղի տարածքում։ Հասկանալի է, որ այս ժեստը, մեծ մասամբ, խորհրդանշական է, բայց կարևոր է քաղաքական հռետորաբանության տեսանկյունից։ Հայաստանի ներսում Փաշինյանի հակառակորդների համար ավելի դժվար կլինի կշտամբել նրան ազգային շահերը միակողմանի զիջելու համար», – ընդգծվել է հոդվածում: