ՀՀ բանակը Global Firepower-ի վարկանիշում 9 տարում 28 հորիզոնականով նահանջ է արձանագրել. ի՞նչ վիճակ է տարածաշրջանի մյուս երկրներում
ԱՄՆ-ում գտնվող Global Firepower միջազգային վերլուծական անկախ կենտրոնը սկսած 2005 թվականից յուրաքանչյուր տարի հրապարակում է աշխարհի բանակների հզորության վարկանիշը: Պաշտոնական գործարկման սկզբում կենտրոնը դիտարկել է 25 համաշխարհային ռազմական ուժերի, մինչդեռ այսօր երկրների թիվը հասել է 145-ի:
Վարկանիշը հաշվի է առնում մի շարք գործոններ, այդ թվում՝ յուրաքանչյուր երկրի ունեցած ռազմական տեխնիկայի և զորքերի քանակը, սարքավորումների բարդության ծավալը, ինչպես նաև նրանց ֆինանսական վիճակը, աշխարհագրությունը և հասանելի ռեսուրսները: Հատկանշական է, որ վարկանիշն անտեսում է միջուկային հարված հասցնելու երկրի կարողությունը: Այժմ այն կիրառում է ավելի քան 60 գործոն, որոնք նպաստում են Power Index-ի գնահատմանը (ցածր միավորները ցույց են տալիս ավելի ուժեղ ռազմական հնարավորություններ)։ Ինչ վերաբերում է վերջնական վարկանիշներին, GFP-ի բանաձևը տարեցտարի փոխվում է՝ ներառելով նոր գործոններ կամ հեռացնելով ոչ արդիականները:
Հայաստանը ևս ներառված է Global Firepower-ի վարկանիշային աղյուսակում։ Ընդ որում՝ 2015-ից 2024 թվականների ընթացքում ՀՀ բանակի հզորությունը նվազել է առնվազն 28 կետով։ Եթե ՀՀ-ն 2015 թվականին 123 երկրների շարքում 74-րդն էր, ապա 2024-ին՝ 145 երկրնից 102-րդն է։ Երկրի ցուցանիշն ավելի բարենպաստ է եղել նույնիսկ 2021 թվականին, երբ այն 139 պետությունների շարքում զբաղեցրել է 100-րդ հորզոնականը։ Դիտարկվող ժամանակահտվածում ՀՀ ԶՈւ-ն ամենթույլ վիճակում եղել է 2020 թվականին։ Այն 138 երկրների շարքում եղել է ընդամենը 111-րդը։ Մինչդեռ հարևան Ադրբեջանը 2020 և 2021 թվականներին զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը։ Այդուամենայնիվ, եթե 2015-ին 123 երկրներից Ադրբեջանը 63-րդն էր, ապա 2024-ին 145 պետությունների շարքում այն 59-ն է՝ տարիների միջակայքում պարբերաբար բարելավելով կամ վատթարացնելով իր դիրքերը։ ՀՀ-ի հարևան պետություններից ամենահզորը ողջ դիտարկվող ժամանակահատվածում Թուրքիան է։ Տարիներ շարունակ երկրի բանակը եղել է հզորագույն 10 բանակների թվում (2015-2019 թթ)։ Թեև 2020 թվականից ի վեր այն մի փոքր զիջել է իր դիրքերը հայտնվելով 13-րդ, ապա՝ 11-րդ հորիզոնականում, 2024-ին Թուրքիան կրկին տասնյակում է․ այն 8-րդն է։ Ըստ միջազգային վերլուծական կենտրոնի տվյալների՝ Իրանի բանակը ՀՀ հարևան պետություններից զիջում է միայն Անկարային։ Այն 9 տարիների ընթացքում ներառված է եղել առաջատար 25 պետությունների շարքերում՝ զբաղեցնելով 23, 21, 17, 12 հորիզոնականները։ Այժմ Իրանի բանակը 14-րդ հոզորագույն բանակն է 145-ից։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն 2015-ից 2024 թվականների ընթացքում վատթարացրել է իր դիրքերը։ Եթե 2015-ին այն 75-րդն էր 123 պետությունների շարքում, ապա 2024-ին 84-ն է 145-ից։ Սակայն սա դիտարկվող ժամանակահտվածում երկրի վատագույն արդյունքը չէ․ պետությունը 2021-ին զբաղեցրել է 92-րդ հորիզոնականը։
Տարիներ շարունակ վարկանիշային աղյուսակը գլխավորել են ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Չինաստանը։
Տարեթիվ | Ներառված երկրների քանակ | Հայաստան | Ադրբեջան | Վրաստան | Թուրքիա | Իրան |
2024 | 145 | 102 | 59 | 84 | 8 | 14 |
2023 | 145 | 94 | 57 | 85 | 11 | 17 |
2022 | 140 | 97 | 63 | 88 | 13 | 14 |
2021 | 139 | 100 | 64 | 92 | 11 | 14 |
2020 | 138 | 111 | 64 | 89 | 11 | 14 |
2019 | 137 | 96 | 52 | 85 | 9 | 14 |
2018 | 136 | 84 | 53 | 82 | 9 | 12 |
2017 | 133 | 93 | 58 | 82 | 8 | 21 |
2016 | 126 | 74 | 64 | 75 | 10 | 23 |
2015 | 123 | 74 | 63 | 75 | 10 | 23 |