29 Դեկ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքացիները հեգնում են Պատմության թանգարանի գրառումը․ ո՞ւմ է պատկանում Թեյշեբանի արձանի հեղինակային իրավունքը

Քաղաքացիները հեգնում են Պատմության թանգարանի գրառումը․ ո՞ւմ է պատկանում Թեյշեբանի արձանի հեղինակային իրավունքը

Կարմիր բլուրում ուրարտական դիցարանի եղանակի, տարերքի աստված Թեյշեբայի կավե արձանիկի թրծման միջոցառումն առաջացրել է Հայաստանի պատմության թանգարանի դժգոհությունը։ Թանգարանի պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել, որտեղ ասվում է, թե Թեյշեբա աստծո արձանիկի նմանությամբ պատրաստված մեծածավալ կավե արձանի հանդիսավոր թրծումը կատարվել է առանց Հայաստանի պատմության թանգարանի իմացության և համաձայնության։ Այսպես ասած՝ թանգարանից պահանջում են պահել իրենց «հեղինակային իրավունքները»։

Այս հայտարարությունն էլ իր հերթին  մասնագետների ու հանրության համար է տարօրինակ ու զարմանալի։ «Էրեբունի հնագիտական թանգարանի» նախկին տնօրեն Միքայել Բադալյանն է անդրադարձել այս հայտարարությանը։ Բադալյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ այդ միջոցառմանը տրվել են «ճաշակային» որակումներ։

«Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, կարծես, քննադատվեց Կարմիր բլուրում ուրարտական դիցարանի եղանակի, տարերքի աստված Թեյշեբայի կավե արձանիկի թրծման միջոցառումը՝ պատճառաբանելով, թե իբր դա արվել է առանց Հայաստանի պատմության թանգարանի հետ համաձայնեցման և թույլտվության: Ցավոք, «ճաշակային» որակումներ տրվեցին միջոցառմանը: Նշեմ, որ կավե արձանի կերտման և դրա թրծման հեղինակը Հայաստանում այդ ոլորտի լավագույն ներկայացուցիչներից Վահրամ Գալստյանն է: Միջոցառումը շատ բարձր գնահատական ստացավ հայ առաջատար արվեստագետների և , ընդհանրապես, հասարակության կողմից» ,- գրել է Բադալյանը։

Բադալյանը նաև շեշտել է՝ չկա որևէ օրենք, համաձայն որի, միջոցառման կազմակերպիչները պետք դիմեին Հայաստանի պատմության թանգարանին՝ միայն այն պատճառով, որ այդ արձանի բնօրինակը գտնվում է այնտեղ։

Կավե արձանը իր բնօրինակից առնվազն 10 անգամ մեծ էր և փոխված տարբեր դետալներով: Էրեբունի թանգարանի նախկին տնօրենն այս արձանի ստեղծման առաջարկն արել է անցած տարի, երբ դեռ պաշտոնավարում էր։ Ավելին, ԿԳՄՍ նախարարությունը որևէ առարկություն չի ունեցել։ Այն պիտի պատրաստ լիներ դեռևս անցյալ տարի՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում։

Բադալյանը կարծում է, որ այս աղմուկի պատճառն իր դեմ իրականացվող արշավն է։

«Այլ հարց է՝ դա արվեց ուղիղ ցուցումով, թե ինչ-որ անձանց հաճոյանալու համար: Իմ անձնական կարծիքն է: Ինձ համար Թեյշեբայի կավե արձանի թրծմանը վերաբերող քննադատությունները կարող էին ընդունելի լինել, եթե նույն խանդավառությամբ Հայաստանի պատմության թանգարանի և նրա տնօրենի պաշտոնը զբաղեցնողի ֆեյսբուքյան էջում, օրինակ՝ լինեին 2021 թվականի հունիսին՝ Հանրապետության հրապարակում «Քաղացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանրահավաքի ժամանակ Հայաստանի պատմության թանգարանի շենքի կենտրոնական հատվածը նախընտրական պաստառներով ծածկելու հանգամանքը քննադատող ստատուսներ: Բա դա օրենքի խախտո՞ւմ չէր: Բա չթողնեիր, որ այդ պաստառները փակցնեին: Դուխդ չէր հերիքո՞ւմ, թե՞ այդպես էր պետք…»,- գրել է Միքայել Բադալյանը։

Պատմության թանգարանի այս հայտարարությունը դուր չի եկել նաև օգտատերերին։ Գրառման մեկնաբանություններում մարդիկ դժգոհում են թանգարանի որդեգրած կեցվածքից։ Օգտատերերը նշում են, որ գտածոն պատմության թանգարանի տնօրինության սեփականությունը չէ։

«Նույն տրամաբանությամբ Լուվրը պետք է պայքար մղի Ջոկոնդայի նկարով պոստեռների կամ Եգիպտոսի պատմության թանգարանը՝ ամենուրեք վաճառվող կատվի արձանիկների դեմ»,-գրել է օգտատերերից մեկը։ Մեկ այլ քաղաքացի էլ հարցնում է․ «Կարո՞ղ եք օրենքով հիմնավորել։ Ուզում եք ասել՝ Էրեբունու արձանագրության կրկնօրինակը քաղաքապետարանի դիմաց, կամ Վարդանյանների կառուցած այգում, ասենք, Թեյշեբայի արձանի կրկնօրինակը տեղադրելու համար թանգարանը թույլտվությո՞ւն է տալիս։ Իսկ Վերնիսաժում վաճառվող եկեղեցիների մակետի համար Մայր Աթոռը, ժայռապատկերներով կամ հին հայկական արծաթե զարդերի համար պատմության կամ ազգագրության թանգարանը, այբուբենով կտորների համար` Մատենադարանը, դուդուկի համար` ժող․ գործիքների թանգարանը պետք է թույլտվություն տա՞ն»։

Նմանօրինակ մի քանի տասնյակ մեկնաբանություններով ողողվել է Հայաստանի պատմության թանգարանի հայտարարությունը։

Սեդա Մակարյան