20 Սեպ
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեյշեբայի արձանի թրծման առաջարկը քանդակագործինն էր, քանդակը նրա սեփականությունն է․ «Էրեբունի» թանգարանի տնօրենի ժ/պ

Թեյշեբայի արձանի թրծման առաջարկը քանդակագործինն էր, քանդակը նրա սեփականությունն է․ «Էրեբունի» թանգարանի տնօրենի ժ/պ

Կարմիր բլուրում ուրարտական Թեյշեբա աստծո արձանը թրծելու, Հայաստանի պատմության թանգարանի կողմից արված հայտարարությանն ու դրա շուրջ բարձրացված աղմուկին ABC media-ի հետ զրույցում անդրադարձել է «Էրեբունի» թանգարանի տնօրենի պաշտոնակատար Վահե Սարգսյանն ու մանրամասներ հայտնել։

Արձանի թրծումն իրականացնելու առաջարկը եղել է քանդակագործ Վահրամ Գալստյանինը, ինչն էլ կյանքի է կոչվել օգոստոսի 11-ին։

«Քանդակը հանդիսանում է Վահրամ Գալստյանի սեփականությունը, իսկ հայտարարության առումով միայն կնշեմ, որ նախ և առաջ, այստեղ, հարկ է խնդիրը քննել իրավական հարթությունում, ինչը կարող են հստակ արտածել  ոլորտի  մասնագետները՝ փաստելով առկա՞ է խնդիր, թե՞ ոչ: Միայն կնշեմ, որ օգոստոսի 11-ին՝  քանդակի թրծման նախապատրաստական աշխատանքներին, ես նույնպես Կարմիր բլուրում ներկա եմ գտնվել, և հայ մտավորականության սերուցքի ներկայացուցիչ Վահրամ Գալստյանի հետ շփումն ինձ համար տպավորիչ  էր»,- ասել է Վահե Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության թանգարանը հայտարարություն էր տարածել՝ դժգոհելով, որ իրենց չեն տեղեկացրել արձանը թրծելու մասին և հորդորել է չկրկնօրինակել արձանը, այլ իրենց մոտ տեսնել բնօրինակը։ Այս հայտարարությունը զարմացրել էր ֆեյսբուքյան օգտատերերին, որոնք իրենց դժգոհությունը հայտնել էին հայտարարության մեկնաբանություններում։

«Կրկնօրինակներ ստեղծելու խնդիրը կարծում եմ, որ բազմաշերտ է՝ կախված հանգամանքից, թե ինչ իր է կրկնօրինակվում և ինչ նպատակով: Յուրաքանչյուր նմանատիպ  խնդրի դեպքում հարկ է նախ պարզել առկա իրավակարգավորումները, որից բխելու են հետագա եզրակացությունները»,- անդրադառնալով արձանի կրկնօրինակությանն ու թանգարանի հայտարարությանը՝ ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղյակ չի եղել միջոցառման մասին, քանի որ նախատեսվում էր միայն Թեյշեբայի արձանի թրծում՝ այլ ոչ թե Կարմիր բլուր հուշարձանի տարածքում վերջինիս տեղադրում:

Սեդա Մակարյան