ԵԱՀԿ-ն կասկածի տակ է դրել Ադրբեջանում ընտրությունները, որոնք չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին
Ադրբեջանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններն ընտրողներին քաղաքական այլընտրանքներ չեն առաջարկել և անցկացվել են հիմնարար ազատությունների և լրատվամիջոցների չափից դուրս սահմանափակումներով։ Այս մասին նշվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջազգային դիտորդների համատեղ հայտարարության մեջ՝ սեպտեմբերի 1-ին Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների արդյունքներով։ Ինչպես նշվել է, վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ընտրական օրենսդրությունը հիմնականում մնացել է անփոփոխ և առանց առաջարկությունները հաշվի առնելու:
Թեկնածուների գրանցման գործընթացն ուղեկցվել է չափազանց մեծ պահանջներով, անհամապատասխան ընթացակարգերով, և թեկնածուները ստիպված են եղել հանել իրենց թեկնածությունն ահաբեկման պատճառով, իսկ քաղաքական կուսակցություններին ներկայացվող նոր պահանջները լրացուցիչ սահմանափակումներ են դրել նրանց գրանցման համար:
«Այս ընտրություններն անցել են սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, քաղաքական բազմակարծության բացակայությամբ, որը խաթարել է ընտրական գործընթացը», – նշել է Մայքլ Քրիդը՝ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների համակարգողը:
Նա ավելացրել է, որ ընտրական հանձնաժողովներում իշխող կուսակցության անդամների գերակայությունը և անկախ տեղական դիտորդների մուտքի սահմանափակումները հակասում են ժողովրդավարական ընտրությունների հիմքում ընկած թափանցիկության սկզբունքներին:
Քվեարկելու համար գրանցվել է 6,4 մլն ընտրող։ Դա մոտավորապես 1,2 միլիոնով պակաս է ընտրելու տարիքի քաղաքացիներից, ինչը հարցեր է առաջացնում ընտրողների ռեգիստրի տվյալների ճշգրտության վերաբերյալ:
Արձանագրվել են կարևոր ընթացակարգերի և երաշխիքների լուրջ խախտումներ, հատկապես ձայների հաշվարկի ժամանակ։
Նախընտրական քարոզարշավը հազիվ տեսանելի էր, այդ թվում՝ համացանցում։
Դիտորդները տեղեկացվել են, որ պետական հատվածի աշխատակիցները ստիպված են եղել մասնակցել քարոզարշավի միջոցառումներին, ինչը ևս մտահոգություն է առաջացնում: Միևնույն ժամանակ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների աճող ձերբակալություններն ու կալանավորումները, ինչպես նաև լրատվամիջոցների համար սահմանափակող իրավական դաշտը, հանգեցրել են համատարած ինքնագրաքննության և անկախ լրագրության խիստ սահմանափակ հնարավորությունների:
«Լրատվամիջոցների սահմանափակումների մտահոգիչ միտումները և հասարակական կազմակերպությունների վրա ճնշումների ավելացումը, ներառյալ կամայական ձերբակալությունները, ճնշում են քաղաքական դիսկուրսը: Առանց էական բարեփոխումների և փոփոխությունների՝ այս խնդիրները կշարունակեն խարխլել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը երկրում»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Լյուսի Պոտուչկովան:
Քաղաքացիական դիտորդների ճնշող մեծամասնությունը նշանակվել է իշխող կուսակցության կողմից՝ սահմանափակելով անկախ դիտորդների մուտքը ընտրական գործընթաց: «Ցավոք, այս ընտրություններում իրական քաղաքական բազմակարծություն չկար, քանի որ բազմաթիվ թեկնածուներ բախվել են լուրջ խոչընդոտների, իսկ ընտրական հանձնաժողովներն անհնարին դարձրին բազմաթիվ քաղաքացիական դիտորդների աշխատանքը», – նշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշաթին: