Նախկին իշխանության հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանի որդին՝ Ալֆրեդ Սադոյանը, իր 33-ամյակի օրը՝ օգոստոսի 29-ին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից հրաշալի «նվեր» է ստացել․ այս մասին գրում է Hetq.am կայքը։
Այդ օրը գործադիրը չզեկուցվող կարգով կայացրել է մի որոշում, որով Ա. Սադոյանի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին (Next Gen Sports) պիտի օտարի «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն: Սա պետական ընկերություն է, որն իր հաշվեկշռում ունի Երեւանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող շուրջ 2 հա հողամաս: Բայց սա ամենը չէ: Նույն որոշմամբ Կառավարությունն անհատույց օգտագործման իրավունքով 1,85 հա մակերեսով անշարժ գույք է տրամադրելու Սադոյանի ընկերությանը Ավան վարչական շրջանում:
Կրթությամբ իրավաբան, դիվանագետ ու տնտեսագետ Ալֆրեդ Սադոյանն այս հողամասերում նախատեսում է սպորտային ներդրումային ծրագիր իրականացնել աշխարահռչակ իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Ռուբեն Սադոյանը 2007-2017 թթ. ԱԺ պատգամավոր էր ՀՀԿ-ից, իսկ 2017-2022 թթ. ՀՀ դեսպանն էր Վրաստանում: Ալֆրեդ Սադոյանն էլ, ըստ իր LinkedIn-ի էջի, 2013-2018 թթ. աշխատել է ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ 2018-ի մայիս-հոկտեմբերին եղել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի օգնականը: 2021-2023 թթ. կրտսեր Սադոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ-ի կարգավորող մարմինն է) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի օգնականն էր։ Քամալյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2020-2024 թթ., իսկ վերջերս՝ օգոստոսի 27-ին, նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:
Սադոյանները վաղուց նաեւ բիզնեսի սեփականատեր են:
Այդուհանդերձ, «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն նոր ընկերություն է. հիմնադրվել է Երեւանում այս տարվա փետրվարին, սեփականատերն ու տնօրենը Ա. Սադոյանն է: Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ զբաղվում է սպորտի բնագավառում կրթական գործունեությամբ, իսկ ներդրումային ծրագրից տեղեկանում ենք, որ ընկերության հիմնական խնդիրը եւ նպատակը Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Սակայն, կրկին ՊԵԿ-ի համաձայն, ՍՊԸ-ի գործունեությունը ներկա պահին ժամանակավոր դադարեցված է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։