Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոխվել է հօգուտ Բաքվի․ NEWS.ru-ի հետ զրուցում նշել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը։
Ըստ նրա՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ձգտում է ինչ-որ կերպ փոխհատուցել տարածաշրջանում առկա այս անհավասարակշռությունը՝ ներգրավելով Հայաստանին համակրող արտաքին խաղացողներին: Փորձագետի կարծիքով՝ այդ «հավասարակշռող» դերը կցանկանային կատարել ԵՄ երկրները, մասնավորապես՝ Ֆրանսիան, որն ունի մեծ հայկական սփյուռք։
«Սակայն միջնորդությունը պետք է ներառի երկու կողմերի (ՀՀ-ի և Ադրբեջանի) համաձայնությունը: Իսկապես անհասկանալի է, թե ի՞նչ գործառույթ են իրականացնելու եվրոպացի սահմանապահները։ Անհասկանալի է, թե սա ի՞նչ տեսք կունենա»,- պարզաբանել է Կորտունովը։
Նրա խոսքով՝ նման պայմաններում եվրոպացի դիտորդները դժվար թե երկար մնան Հայաստանում։ Ըստ Կորտունովի՝ ԵՄ-ն այն կառույցը չէ, որը կարող է երաշխավորել հանրապետության անվտանգությունը։ «Նրանք չունեն երկիրը պաշտպանելու ռեսուրսներ և կարողություններ, իսկ տեխնիկական նպատակներով ներկայությունը պարտադիր չէ»,- եզրափակել է նա: