ԱՄՆ պետքարտուղարությունն ակնկալում է, որ Մոնղոլիան հավատարիմ կմնա ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին
Ռուսաստանի հետ շփումներում Մոնղոլիան պետք է հստակեցնի, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Մոնղոլիայի կողմից Պուտինին ձերբակալելու Միջազգային քրեական դատարանի օրդերը չիրականացնելուն։
«Մենք չենք կարծում, որ որևէ երկիր պետք է Պուտինին հարթակ տա Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմը խթանելու համար։ Մենք ակնկալում ենք, որ Մոնղոլիան հավատարիմ կմնա ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին», – նշել է Միլլերը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը հասկանում է Մոնղոլիայի բարդ աշխարհագրական դիրքը՝ խրված երկու շատ ավելի մեծ հարևանների միջև, բայց կարծում է, որ կարևոր է, որ երկիրը շարունակի աջակցել օրենքի գերակայությանը ամբողջ աշխարհում:
«Մենք պատրաստվում ենք շարունակել աջակցել Մոնղոլիային, բայց կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք պահպանեն իրենց միջազգային պարտավորությունները: Եվ կարևոր է, որ Ռուսաստանի հետ շփվելիս նրանք հստակ ասեն, որ պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», – հավելել է Միլլերը։