16 Նոյ
2024
9° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կգնա՞ Փաշինյանն արտահերթի

Կգնա՞ Փաշինյանն արտահերթի

Քաղաքական աշունը Հայաստանում, ինչպես և կանախտեսելի էր, բավական բուռն և հագեցված սկսվեց։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «կանախատեսում է հին ու բարի հայկական աշուն», իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ որոշակի զարգացումներ, այնուամենայնիվ, գեներացվում են և, չի բացառվում, կախված տարածաշրջանային սպասվող իրադարձություններին, Հայաստանում ևս ինտրիգային գործընթացների ականատես լինենք։ Չնայած ավելի հավանական և շոշափելի տեսարաններ, ըստ տարբեր՝ «օդում կախված» տեղեկութունների, հնարավոր է լինեն միայն գարնանը։

Փաշինյանը սոկրատյան հանգստությամբ փորձում է ցույց տալ, թե երկրում ամեն ինչ «OK» է (հեծանիվ է քշում, երեխաներին պաղպաղակ բաժանում, տիկտոկներում տեսանյութեր հրապարակում), ավելին, «երկիրը զարգանում է շռնդալից տեմպերով», սակայն իրականում հասկանում է, որ չնայած առկա ներքաղաքական որոշակի վաակումի, իր դիրքերը հաստատուն չեն և հնարավոր է հայտնվի փակուղու առաջ։ Տարբեր սոցհարցումները, որը նա անցկացնում է գրեթե ամիսը մեկը, փաստում են, որ վերջինիս վարկանիշը չի գերազանցում 20 տոկոսը։ Ինչ վերաբերվում է «շռնդալից աճերին», ապա իրականում բյուջեի դեֆիցիտը, ըստ տարբեր մասնագիտական հրապարակումների՝ կազմում է 1 մլրդ դոլարից ավելի, ինչը լրջագույն պրոբլեմ է, սակայն այդ մասին շարքային Պողոսը կարող է և չտեղեկացվել։ Թերևս հենց սրանով է պայմանավորված, որ հոգու խորքում, այնուամենայնիվ, Փաշինյանը կփորձի գնալ արտահերթ ընտրությունների, որին դեռևս ինքը ևս հոգեբանորեն պատրաստ չէ։

Գաղտնիք չէ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում Փաշինյանն ունենալու է շահեկան դիրքեր, քանի որ իրական ընդդիմությանն ուղղակի զրկվելու է ընտրություններին լիարժեք նախապատրաստվելու հնարավորությունից։ Բացի դրանից՝ անգամ պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ տևական ժամանակ է իշխանական ողջ թիմը լրջորեն զբաղված է կուսակցական տեղական մարմիններ կառուցելով և «գաղափարական» հարցերի քննարկմամբ։ Հատկանշական է այն, որ վերը նշված հարցերով հիմնական զբաղվողները պաշտոնյաներ են՝ աշխատանքից հետո և, առնվազն, մի քանի ժամ։ Չմոռանանք, որ այս ընթացքում «Քաղաքացիական պայմանագիրը» հիմնել է նաև սեփական քաղաքական դպրոցը, որտեղ շատ հաճախ անձամբ Փաշինյանն է դասախոսություններ կարդում՝ այդ կերպ ևս երիտասարդությանը փորձելով իր քարոզով որոշակի գեներացնել։

Արտահերթի առաջնայնությունը կայանում է նաև նրանում, որ, ինչպես օրերս իր ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր Գրիգոր Մինասյանը, 2027-ին, ըստ ամենայնի, կանցկացվի Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որին լիարժեք մասնակցելու համար Փաշինյանին պետք է ուժի ցուցադրում, իսկ արտահերթը լավ թեստ է իրական քաղաքական կշիռն ու հնարավորությունն հասկանալու համար (ոչ մի սոցհարցում ու փորձագիտական կարծիք փաստացի չի կարող հստակ ու կանխատեսելի պատկեր տալ)։

Եթե ավելի պարզ՝ Փաշինյանն արդեն տևական ժամանակ է՝ սկսել է սեփական նախընտրական քարոզարշավը․ ողջ ամռան ընթացքում նա, չնայած այն հանգամանքին, որ արձակուրդում էր, տեղը տեղին ուսումնասիրում էր մարզերը, շրջում տարբեր գյուղական համայնքներում, շփվում մարդկանց հետ ու փորձում հասկանալ, թե իրականում ինչպիսին են մարդկանց տրամադրությունները։ Հավելենք, որ Փաշինյանն այս հարցում գլխավորապես հենվում է նաև այն թիմակիցների վրա, ովքեր մարզերից են և բոլորին հատուկ հանձնարարում, որ ցանկացած հարմար առիթի դեպքում լինեն իրենց ծննդավայրում, տեղում մարդկանց հետ ամենօրյա շփումների ունենալ (ոտքով խանութ գնալ, մարդկանց օգնեն գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, այդ թեմայով տեսանյութեր նկարել, տարածել սոցիալական հարթակներում)․ այլ բառերով՝ փաշինյանական պոպուլիզմին բնորոշ գործելաոճ, երբ անունը կա, իսկ ամանն ամբողջովին դատարկ է։

Ի դեպ՝ այս օրերին մարզերում բավական ակտիվ սկսվել են ընտրական հանձնաժողովների անդամների նոր լիցենզավորման գործընթացը, որին առավել ակտիվ ներառված է ՔՊ մարզային սեկտորը, ովքեր ոտուձեռ ընկած մարդկանց համոզում են, որպեսզի մասնակցեն լիցենզավորման քննություններին, սակայն դեռևս չեն բարձրաձայնում, թե հատկապես ինչ ընտրությունների մասին է խոսքը։

Թերևս հենց նման մտադրություններն են Փաշինյանին հանգեցնում այն մտքին, որ քաղաքական հարթակում փորձում է «սեփական ընդդիմությունն» ունենալ։ Սակայն, ինչպես լինում է այս իշխանության բոլոր նախաձեռնություններում, այստեղ ևս ամեն ինչ արվում է շատ ակնառու ու փնթի, քանի որ հիմնական դերակատարումը, չնայած իշխանություններին ուղղղված «քննադատությանը», ակնհայտ տիրաժավորում են Նիկոլ Փաշինյանի պնդումներն ու թեզերը, իհարկե, որոշակի սոուս ու արտաքին փաթեթավորում տալով (նրանցից մի քանիսը փորձում են ակնհայտ պրոռուսական ուղղվածության բլոկը փակել, այն ասելիքը, որը Փաշինյանն անձամբ չի ցանկանում իր բերանով ասել, մյուսները՝ կոշտ քննադատում Փաշինյանին քննադատողներին՝ այդպիսով դառնալով ընդդիմության ընդդիմություն)։

Ըստ էության՝ քաղաքական ստեղծված իրավիճակում միանշանակ պնդել, թե Փաշինյանն, այնուամենայնիվ, կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, դժվար է, քանի որ այս հարցում մեծ է նաև աշխարհաքաղաքական բաղադրիչը։ Բանն այն է, որ առաջիկայում Վրաստանում՝ հոկտեմբերին, իսկ ԱՄՆ-ում՝ նոյեմբերին, նախատեսված են ընտրություններ, համապատասխանաբար՝ խորհրդարանական և նախագահական, որոնք իրենց ցցուն դրսևորումներն են ունենալու հարավկովկասյան տարածաշրջանում, ուստի չի բացառվում, նա իր քաղաքական անելիքներն ու քայլերի հաջորդականությունը դասավորի ըստ այդ գործընթացների՝ իրեն ցանկալի հանգուցալուծման։

Ի դեպ՝ ինչ վերաբերվում է իշխող թիմի ներքին կարգուկանոնին ու տիրող համերաշխությանը, որը Փաշինյանը հնարավոր բոլոր դրվագներում փորձում է շեշտել, այդքան էլ այդպես չէ, քանի որ ներթիմային հատվածում գործերը, մեղմ ասած, այդքան էլ հարթ չեն։ Գաղտնիք չէ, որ ՔՊ-ում առկա են մի քանի լուրջ հոսանքներ, որոնք պատեհ պահի չեն թաքցնելու իրենց սեփական ամբիցիաներն և հնարավոր է հարմար պահին «փախչեն» Փաշինյանի «տակից», քանի որ կոորդինացվում են բացառապես դրսից, ուստի վերը նշած աշխարհաքաղաքական զարգացումները հնարավոր է իրենց ազդեցությունն ունենան նաև այս հարցում։

Ամփոփելով արձանագրենք․ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում ընտրության գնալը հավասարազոր է համազգային հերթական խայտառակության․ ոչ մի կասկած չկա, որ նա իր վերատադրության և իշխանությանը նոր կյանք տալու համար չի կանգնելու ոչ մի քայլի առաջ՝ կիրառելով հնարավոր բոլոր միջոցները (ընդդիմադիրների անազատությունից զրկել, տարբեր քաղաքական հետապնդումներ, հասարակ ժողովրդին քծնանքով շինծու ժպտալն ու հերթական անգամ սիրո խոստովանություն անելը) հերթական հեքիաթային Նյու Վասնյուկիի մասին նոր լեգենդ պատմելով։

Արմեն Հովասափյան