Իրանի նոր բարեփոխական կառավարությունը նախազգուշացրել է Ռուսաստանին Հայաստանի հետ սահմանային վեճում Ադրբեջանի կողքին չկանգնելու մասին։ Սա կարող է ազդանշան լինել, որ Թեհրանի նորընտիր կառավարությունը պատրաստ է ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Մոսկվայի հետ հարաբերություններում, գրել է The Guardian-ը:
Իրանի ԱԳ նախարար Սայիդ Աբբաս Արաղչին Ռուսաստանին նախատելու անսովոր քայլ է արել այն բանից հետո, երբ Մոսկվան բռնել է Ադրբեջանի կողմը Հայաստան-Իրան սահմանի երկայնքով ցամաքային միջանցք ստեղծելու համար։ Թեհրանը վախենում է, որ դա կարող է սահմանափակել իր մուտքը դեպի Եվրոպա և ավելի լայն աշխարհ:
Վեճն ավելի լայն աշխարհաքաղաքական հետևանքներ կարող է ունալ և դիտարկվել որպես Իրանի արտաքին քաղաքականությունը վերականգնելու ջանքերի մի մաս: Ռուսաստանն ու Իրանը պետք է ստորագրեն ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր, սակայն բովանդակությունը դեռևս քննարկվում է, և Իրանի կառավարությունում լարվածություն կա՝ կապված Ռուսաստանի հետ իր ռազմական դաշինքի խորացման դիվանագիտական գնի հետ։
Իրանն այս շաբաթվա սկզբին նաև կանչել էր Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ իր դժգոհությունն արտահայտելու Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար Մոհսեն Ռեզաին ևս հայտարարել էր․ «Իրանի հետ բարեկամությունում այս երկիմաստությունները պետք է լուծվեն»։ Խորհրդարանի ներսում կոշտ գծի կողմնակից Ահմադ Նադերին նշել է. «Իրանի ազգային շահերի դեմ նախորդ գործողությունների դեպքում ռուսներին համապատասխան արձագանք չտալը նրանց կրկնակի ամբարտավանության պատճառ է դարձել: Նրանց պետք է հասկացնել, որ ռազմավարական համագործակցությունը չի նշանակում հրաժարվել սեփական շահերից»։
Ադրբեջանը տարբեր ժամանակներում սպառնացել է, որ անհրաժեշտության դեպքում ուժային միջանցք կստեղծի, ինչը, ամենայն հավանականությամբ, կարող է հետագա պատերազմ հրահրել Հայաստանի հետ, գրել է The Guardian-ը։
ԵՄ խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է, որ ԵՄ-ի և Իրանի հարաբերությունները, դժվար թե բարելավվեն, եթե Իրանը շարունակի անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին դիմել է անսովոր քայլի՝ նամակ ուղարկելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ պնդելով, որ նման առևտրի մասին խոսակցություններն անհիմն են։ Ստանոն հավելել է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավար Ժոզեպ Բորելը կապի մեջ է եղել Իրանի նոր կառավարության հետ՝ բարձրացնելու Ուկրաինայում Ռուսաստանին Իրանի աջակցության հարցը, ինչպես նաև քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը: