22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատգամավորը  գրություն է ուղարկել 40 միջազգային կառույցի՝ Բաքվում պահվող գերիների մասին

Պատգամավորը գրություն է ուղարկել 40 միջազգային կառույցի՝ Բաքվում պահվող գերիների մասին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մոտ 40 միջազգային կառույցի և իր միջազգային գործընկերներին՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով՝ նշելով, որ միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտված են այս հարցում: Ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։

Նա նշել է, որ ազգությամբ հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի:

«Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի պառլամենտի ներկայացուցիչ, ահազանգեր եմ ստանում Բաքվի բանտում պահվող պաշտոնապես հաստատված 23 հայ գերիների պատանդների պահման պայմանների վերաբերյալ: Ցավոք որևէ միջազգային հասանելիություն չկա նրանց նկատմամբ բացի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ամսական մեկանգամյա այցերը և սուղ տեղեկատվությունը: Անգամ հարազատների հետ գերիների զանգերի ընթացքում, հենց հարազատների խոսքով, նրանք հաղորդում են շատ ընդհանուր տեղեկություն՝ առանց որոշակիացնելու իրենց պահման պայմանների մասին»։

Թովմասյանը նշել է, որ սույն թվականի հունիսի 13-ին Ադրբեջանում պահվող գերի Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին:

Վերջերս մամուլում մտահոգիչ մանրամասներ հայտնեց 2021 թվականին գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը։

Կասկած չկա, որ ազգությամբ հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի։ Այդ դեպքերից մի քանիսը փաստաթղթավորված են և զեկուցվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ 2024 թվականի ապրիլի վերջին նստաշրջանի ժամանակ:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ութ հանրային քաղաքական պետական գործիչների խափանման միջոցները առանց որևէ հիմքի երկարաձգվում են, նախկին չորս ամսվա փոխարեն:

«Մայիսին նրանց խափանման միջոց ընտրված կալանքի ժամակետը երկարձգվեց հինգ ամսով: Ադրբեջանի գլխավոր դատախազը օրեր առաջ հայտարարեց, որ արդեն գործերն ուղարկվել են դատարան, սակայն դեռ առաջընթաց այդ հարցում չկա:

Այս համատեքստում Ադրբեջանը պատրաստվում է COP29-ին և այն անվանում է «Խաղաղության COP»:

Հաշվի առնելով այս բոլոր մտահոգությունները խնդրել եմ իմ միջազգային գործընկերներին՝ իրենց մանդատի շրջանակներում պահանջեն Ադրբեջանից հետևյալը.

-Մինչև COP29-ի անցկացումն ազատ արձակել հայ գերիներին ու պատանդառված անձանց, եթե իսկապես ցանկանում են որ այն դառնա «Խաղաղության COP»

-Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում, պահանջել, որ դրանք համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին նույնպես թույլատրվի մասնակցել դրանց»,–ասվում է գրառման մեջ։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։