Բաքվում, Երևանում միջազգային ամենատարբեր ֆորումներ կամ միջոցառումներ են անցկացվել, որոնց անվտանգության երաշխիքների պայմաններում փոխադարձաբար պատվիրակություններ են մասնակցել։ Թե հիմա ի՞նչ որոշում կկայացվի, դժվար է ենթադրել, որովհետև ռեգիոնում իրադարձությունները շատ արագ են զարգանում։ ABC media-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։
«Ենթադրում եմ, որ եթե կայունություն լինի, առնվազն խաղաղասիրություն ցույց տալու համար գործող իշխանությունը կփորձի ինչ-որ պատվիրակություն ուղարկել, թե ինչ կազմով, ինչ մակարդակով, դժվարանում եմ ասել»,- ասել է քաղաքագետը։
Բաքվում, որտեղ կայանանլու է ՄԱԿ կլիմայական փոփոխության համաժողովը, արդեն մեկ տարի է ապօրինի պահվում են Արցախի ռազմաքաղաքական գերիները։ Բացի նրանց՝ Բաքվում են պահվում նաև տասնյակ գերիներ։ Ինչպե՞ս կարելի է այս ընթացքն ու առիթը գործածել՝ նրանց վերադարձի համար։ Մինասյանը կարծում է՝ այն իշխանությունը, որ ամիսներ շարունակ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել, չի գործելու նաև այս երկու ամսում։
«Ենթադրում եմ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունների օրակարգում այդ հարցը չկա, հետևաբար առնվազն Հայաստանի կողմից նախաձեռնություն այս ուղղությամբ դժվար, թե լինի»,- ասել է Արմեն Մինասյանը:
Բաքուն, սակայն, COP29-ի հարթակը գործածելու է ևս մեկ անգամ Հայաստանին նվաստացնելու, նոր մեղադրանքներ փաթաթելու, նոր պահանջներ ներկայացնելու։
«Ադրբեջանն առանց նման հարթակի էլ գրեթե ամենօրյա ռեժիմով զբաղված է դրանով, ինչը բնական է։ Բաքվում հյուրընկալելով այդ մասշտաբի միջոցառում՝ չի կարող գայթակղությունից զերծ մնալ և չօգտագործել առիթը Հայաստանի դեմ ուղղված քարոզչությունը ակտիվացնելու համար։ Կասկած չկա անգամ, որ բարձրաձայնելու են բնակլիմայական ամենատարբեր հարցերը՝ սկսած ատոմակայանից, վերջացրած գետերի աղտոտումով։ Հայաստանը ամբողջ տարածքով հանդիսանում է Քուր-Արաքսի ջրահավաք ավազանը, և քանի որ Քուրի գետաբերանը գտնվում է Ադրբեջանում, Հայաստանին կարելի է ամենատարբեր մեղադրանքներ ներկայացնել կլիմայական փոփոխությունների հետ կապված․ Կասպից ծովի մակարդակի բարձրացումն ու նվազումը կարելի է կապել Հայաստանի բնակլիմայական վարքագծին։ Ադրբեջանն ազատ է, նախկինում էլ աբսուրդի ժանրից մեղադրանքներ է հնչեցրել, հիմա էլ շարունակում է նույնը»,- նշել է քաղաքագետ Մինասյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին Բաքվուն հյուրընկալելու է COP29՝ ՄԱԿ կլիմայական փոփոխության համաժողովը։ COP29-ին հրավիրված են աշխրահի շուրջ 80 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։
Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսին հայտարարել է, որ մասնակցելու կամ չմասնակցելու որոշում դեռ չկա։
Մինչ այդ՝ ABC media-ն հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ պարզելու մասնակցելու որոշում կա՞։ ԱԳՆ պատասխանը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ։
Ամբողջ ընթացքում թեման մեր խմբագրության ուշադրության կենտրոնում էր։ COP29-ի վերաբերյալ մեր ռեպորտաժները՝ ստորև։