05 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարություններ է արել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարություններ է արել

«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումները թեժանում են։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություններ է արել, որոնք հրապարակվել են սոցիալական ցանցերում։

Առաջին հայտարարություն

«Իրանի առջև բարդ խնդիր է դրված՝ խուսափել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն առնչվող թակարդից և դիմակայել իր հարևանների՝ պատմական սահմանները փոխելու փորձերին։ Քանի որ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի հարավում ակտիվորեն առաջ են մղում միջանցքի նախագիծը, Իրանը պետք է ամուր դիրքորոշվի՝ պաշտպանելու համար իր ազգային շահերը և աշխարհառազմավարական դիրքը:

Իրանի արտաքին գործերի նոր նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին կանգնած է իր կարիերայի ամենադժվար առաքելություններից մեկի առջև: Նա ստիպված է լինելու ոչ միայն պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը, այլև ապահովել Հայաստանի հետ սահմանների բաց մնալը, ինչը կենսական նշանակություն ունի Իրանի համար։ Միաժամանակ, Արաղչին պետք է գործի այնպես, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Բաքվի հետ չխաթարի Իրանի բարեկամական հարաբերությունները։

Իսլամական հեղափոխության առաջնորդը հստակ արտահայտել է իր դիրքորոշումն ընդդեմ՝ բնույթով հակաիրանական «Թուրանի միջանցք»-ի նախագծի։ Իրանի ղեկավարությունը հասկացրել է, որ տարածաշրջանի պատմական սահմանները փոխելու ցանկացած փորձ համարվելու է իր ազգային անվտանգության սպառնալիք: Ռուսաստանի իշխանությունների վերջին հայտարարությունների և Բաքվի և Անկարայի ջանքերի ավելացման լույսի ներքո, Իրանի ԱԳՆ-ն այս ծրագրի իրագործումը կանխելու համար պետք է գործի վճռական և ռազմավարական կերպով:

Այսպիսով, Զանգեզուրի միջանցքի ապագան որոշվելու է Իրանի դիվանագիտական ջանքերով և միջազգային ասպարեզում իր շահերը պաշտպանելու կարողությամբ: Այս դժվարին պահին Իրանը պետք է հաստատակամություն և հեռատեսություն ցուցաբերի՝ կանխելու համար տարածաշրջանում իր դիրքերը թուլացնելու ունակ փոփոխությունները»:

Երկրորդ հայտարարություն

«Կովկասյան տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք հակասում են այլ երկրների շահերին, այս տարածաշրջանում կայուն խաղաղության համար խոչընդոտներ կստեղծեն: Իրանը Զանգեզուրի միջանցքի ստեղծման դեմ հետևողականորեն պահպանել է իր դիրքորոշումը։ Իրանի իրավական ու պատմական սահմաններն անառիկ են, և ոչ ոք դրանք խախտելու իրավունք չունի։ Այս միջանցքի ստեղծումը կարող է իրագործվել միայն Իրանի համաձայնությամբ և պայմանով, որ լիովին հարգվի Իրանի օրինական սահմանների անձեռնմխելիությունը»։

Երրորդ հայտարարություն

«Վերջին շաբաթներին կրկին վեճեր են բորբոքվել Զանգեզուրի միջանցքի ստեղծման շուրջ, որը Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են կառուցել Հայաստանի հարավով՝ Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ կապելու նպատակով։ Ծրագիրը հատկապես մտահոգում է Իրանին, քանի որ այն սպառնում է Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա տանող միակ ցամաքային ճանապարհին:

Այաթոլլահ Խամենեին իր դիրքորոշումն այս հարցում հստակ արտահայտել է 2021 թվականին՝ հայտարարելով, որ Իրանը թույլ չի տա իր աշխարհաքաղաքական շահերին և Կովկասի կայունությանը տարածաշրջանում սպառնացող սահմանների փոփոխություններ։ Նրա խոսքերը հնչեցին որպես նախազգուշացում Թուրքիային, Ադրբեջանին և նրանց դաշնակիցներին, որ տարածաշրջանում ցանկացած անհավասարակշռություն կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որպես Իրանի առանցքային ուժերից մեկը, այդ ժամանակվանից ուժեղացրել է իր ներկայությունը հյուսիսարևմտյան սահմաններում՝ զորավարժություններ անցկացնելով և ցուցադրելով երկրի ազգային շահերը պաշտպանելու իր պատրաստակամությունը: Իրանի համար այս նախագիծը ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ սպառնալիք իր ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։ Բացի դրանից, Իրանը մտահոգված է Զանգեզուրի միջանցքի ստեղծման գաղափարին աջակցող ռուսաստանցի որոշ պաշտոնյաների վերջին հայտարարություններով։ Չնայած Ռուսաստանի հետ իր ռազմավարական գործընկերությանը, Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ Իրանի տարածքային ամբողջականության և սահմանների պահպանումը առաջնահերթություն է մնում:

Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն իր վերջին աջակցությունը հակասում է Իրանի հետ բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններին։ Քանի որ Ուկրաինայի հետ պատերազմը շարունակում է զգալի ռեսուրսներ խլել Մոսկվայից, Իրանը հիշեցրել է Ռուսաստանին, որ իրենց երկկողմ հարաբերությունները չպետք է հիմնված լինեն միակողմանի շահերի վրա: «Եզրափակելով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և այաթոլլահ Խամենեին հաստատակամ են իրենց դիրքորոշման մեջմ, և տարածաշրջանում ցանկացած միջամտություն, լինի դա Թուրքիայից, Ադրբեջանից կամ Ռուսաստանից, դիվանագիտական և ռազմական մակարդակներում կբախվի Իրանի վճռական դիմադրությանը»:

Չորրորդ հայտարարություն

«Իրանի Իսլամական Հանրապետությունը շեշտում և հստակ հայտարարում է, որ սահմաններին ինչպես աշխարհաքաղաքական կայունության, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության գործոն է, և՛ ազգային շահերի երաշխավորը։ Թեհրանն այս սկզբունքները դիտարկում է ոչ միայն որպես դիվանագիտական նրբություններ, այլ որպես «բոլոր» երկրների հետ հարաբերությունների կենտրոնական առանցք։ Գիտակցելով հանդերձ Զանգեզուրի շուրջ «խաղի» մասնակիցների դրդապատճառները՝ Իրանը իր սկզբունքներից չի շեղվի»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026