Այրվող եռագույնով «Մայրենիի» դասագիրքը կմնա շրջանառության մեջ
Կրթության ոլորտում փոփոխությունները շարունակվում են:Փոխվում են նաև դասագրքերը` ամեն տարի մի նոր սկանդալ բերելով դաշտ։
Նոր դասագրքերից դժգոհում են ուսուցիչները, ծնողները. ամենասկանդալայինը, հավանաբար, անցյալ տարի լույս տեսած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն էր։
Այս տարի, սակայն, աղմուկի պատճառր «Մայրենիի» 3-րդ դասարանի դասագիրքն էր։ Ամեն բան սկսվեց համացանցում տարածված լուսանկարից. օգտատերերն ահազանգում էին, որ դասագրքի կազմի վրա պատկերված է այրվող եռագույն: Այս նկարներն ակտիվ տարածվեցին համացանցում` քննադատության ալիք բարձրացնելով։ Մեղադրում էին և’ հեղինակներին, և’ ԿԳՄՍ նախարարությանը, և’ հրատարակչությանը:
Նկարների տարածումից ժամեր անց գրքի համահեղինակ Վաչագան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում արեց` պարզաբանելով, որ իրենք՝ գրքի հեղինակները, կապ չունեն գրքի կազմի հետ: «Դասագրքի հեղինակներս հայտարարում ենք պաշտոնապես, որ նշված էջը բացարձակապես կապ չունի մեր ներկայացրածի հետ: Ահավասիկ մեր ներկայացրած կազմի վերջին էջը և տպագրված գրքի կազմի վերջին էջը: Հավանաբար տպարանում ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել»,- գրել էր հեղինակը:
Այս պարզաբանումը չգոհացրեց հասարակությանը, ու աղմուկը չէր դադարում: ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվեց մեկնաբանել, միայն հայտնեց, որ օնլայն հարթակում գրքի շապիկին այրվող եռագույն չկա:
Մարդիկ սկսեցին պատասխան պահանջել գիրքը հրատարակող ընկերությունից՝ «Անտարես Հոլդինգ»-ից: Այստեղից էլ պարզաբանող տեսանյութ տարածեցին, որտեղ մասնագետը պնդում էր, թե տեղի է ունեցել տպագրական վրիպակ և դիտավորություն չկա: ABC media-ն զրուցեց նաև հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ, ով պնդեց, որ իրենք ֆայլն արդեն ստացել են այդպես ու, քանի որ իրավունք չունեն խոչընդոտելու գրքի հեղինակների աշխատանքին, նույնությամբ էլ տպել են:
Մինչ յուրաքանչյուրը փորձում էր պատասխանատվությունն իր դաշտից հեռացնել, զրուցեցինք նաև գրքի համահեղինակ Վաչագան Սարգսյանի հետ։ Նա հաստատեց` տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է: «Չեմ կարծում, որ «Անտարեսում» որևէ մեկը կամ առհասարակ որևէ մեկը նման վատ, պրիմիտիվ քայլի կգնար»,- ասաց հեղինակը:
Տարիներ առաջ տպագրատներում կար շատ կարևոր պրակտիկա. գրքերը տպելուց առաջ մի քանի օրինակ տպում էին որպես նմուշ, այնուհետև, հավանության արժանանալուց հետո միայն, տպագրվում էր ամբողջ տպաքանակը: Մի քանի տարի է` այդ պրակտիկան չի կիրառվում, ու հետևանքն այսպիսին է:
Դասագիրքը կշարունակի մնալ շրջանառության մեջ: 3-րդ դասարանի աշակերտները ստիպված կլինեն ամեն անգամ գիրքը ձեռքներն առնելիս այրվող եռագույն տեսնել, որովհետև ամբողջ տպաքանակն արդեն ուղարկվել է դպրոցներ:
Սեդա Մակարյան