ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է ավարտվել գալիք տարի․ The National Interest
The National Interest-ը ներկայացրել է չորս գործոն, որոնց արդյունքում ուկրաինական պատերազմը կարող է ավարտվել գալիք տարի։
«Նախ, դա Ուկրաինայի փայլուն և համարձակ ռազմական քայլն է Ռուսաստանի Կուրսկի շրջանում: Կարճաժամկետ հեռանկարում այն շատ ազդեցիկ է եղել՝ պատերազմը բերելով Ռուսաստան և ցույց տալով, որ այն խոցելի է: Ռուսաստանի դեմ հարձակումը նաև բարոյահոգեբանական խթան է եղել Ուկրաինայում: 2024-ի մեծ մասի ընթացքում ուկրաինացիները պայքարում էին ռազմական և տառապում տնտեսական առումներով, ինչի հետևանքով՝ պատերազմին աջակցությունը թուլանում էր: Հարձակումը նաև դանդաղեցրեց ուկրաինական պատերազմին արևմտյան քաղաքական աջակցության անկումը, ինչը լրացուցիչ ռազմական ծախսեր է պարտադրել Ռուսաստանին», – գրել է պարբերականը։
Երկրորդ, միևնույն ժամանակ, Ուկրաինայի առաջխաղացումը դեպի Ռուսաստան ռիսկային է եղել։ Մոտ 10,000 զինվոր դուրս է բերվել Արևելյան Ուկրաինայում իրենց նախկին կարևորագույն պաշտպանական առաքելությունից, ինչը Ռուսաստանի համար հնարավորություն էր առաջ գնալու, ինչը և Պուտինն արել է։ «Ռուսական մարտավարությունը գնալով ավելի դաժան է դառնում, ինչը հանգեցնում է ուկրաինացիների զոհերի և կորուստների ավելացմանն ինչպես Արևելյան Ուկրաինայում, այնպես էլ այլուր մարտադաշտում: Ռուսաստանի նպատակը, ըստ երևույթին, գալիք ձմռան համար Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների պարալիզացումն է», – գրել The National Interest-ը:
Երրորդ, և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի՝ մեծ ռազմական էսկալացիայի տարբերակները շատ սահմանափակ են և ռիսկային։ Ուկրաինան կցանկանար ձեռք բերել ավելի մեծ թվով հեռահար զենքեր, կամ ՆԱՏՕ-ի անդամների ավելի անմիջական ներգրավման հնարավորություն լիներ։ Այնուամենայնիվ, երկու տարբերակների հեռանկարներն էլ հուսադրող չեն, քանի որ հնարավոր ռիսկերը կապված են Ռուսաստանի և Արևմուտքի միջև էսկալացիայի և հակամարտությունների հետ։
Չորրորդ, ԱՄՆ-ում և Եվրոպայում միտումները չեն նպաստում պատերազմի անժամկետ երկարացմանը: ԱՄՆ-ի դերը կարևոր է եղել Ուկրաինայի դիմադրությանն աջակցելու գործում։ Այնուամենայնիվ, նախագահական ընտրություններից հետո Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, ժամանակի ընթացքում կնվազեցնի իր աջակցությունը: Նախագահ Թրամփն արագորեն կպնդի դիվանագիտական կարգավորման համար, բայց նախագահ Հարիսը նույնպես դժվարությամբ կպահի աջակցության ներկայիս մակարդակը: Բեռլինը ևս զգալիորեն կփոխի իր քաղաքականությունը: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արդեն հայտարարել է խաղաղության կոնֆերանսի միջոցով խաղաղ համաձայնության հասնելու իր վճռականության մասին։