Հայաստանյան առօրյայի պոպուլիզմն ու ցինիզմը
Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող քաղաքական զարգացումների էպիկենտրոնում վերջին շրջանի հիմնական խաղացողներ են դարձել էքսցենտրիկներն ու շոումենները, իսկ տեղի ուենցածի հիմնական պատճառը պոպուլիզմի, ցինիզմի ու դեմագոգիայի չափից շատ գոյություն ունեցող չափաբաժինն է, որը խժռել է արդի քաղաքական գործընթացները և այն դուրս դրել իր բնականոն հունից։
Գրեթե ամբողջ աշխարհում «պոպուլիզմ» բառը հասարակական-քաղաքական ոլորտի ամենաշատ հանդիպող հասկացություններից է, տերմին, որը հաճախ օգտագործվում է ենթագիտակցաբար՝ չհասկանալով դրա խորքային իմաստն ու բուն բովանդակությունը։ Սովորաբար դա լինում է շարքային քաղաքացիների դեպքում, իսկ քաղաքական գործիչների մեծամասնության համար այն հանդիսանում որպես հիմնական «այցեքարտ» (ընդգծենք, որ ինչպես նշում են այս թեման ուսումնասիրող մասնագետները, պոպուլիզմը հակաազատական բնույթ ունեցող երևույթ է՝ այն մերժում է փոքրամասնությունների իրավունքները, պլյուրալիզմը և այլն)։
Գաղտնիք չէ, որ պոպուլիզմը գրեթե միշտ հանգեցնում է ցինիզմի, որովհետև եթե քաղաքական գործիչը չունի հստակ զարգացման հայեցակարգ, որպես կանոն, անընդհատ թիրախավորում է առանձին անհատների կամ կոնկրետ երևույթներ, խոսում «դիմֆերամբային» ծրագրերից, որոնք արտաքուստ լուսավոր են, սակայն «գետնի վրա»՝ առ ոչինչ։ Թոմսոնի հայտնի բանաձևում ասվում է՝ «եթե մարդիկ իրավիճակը սահմանում են որպես իրական, և գործում են՝ ելնելով այդ իրավիճակից, ապա իրենց գործողությունների հետևանքներն իրական կլինեն՝ անկախ նրանից, թե որքան անիրական կարող է լինել իրավիճակից կախված որոշումը»։ Ասվածն իր հերթին նշանակում է, որ պոպուլիզմն ու ցինիզմը կարող է նաև առաջանալ՝ հիմնվելով զուտ երևակայական ներկայացուցչական բացերի վրա։
Հայաստանյան իրականության մեջ պոպուլիզմի ու պոպուլիստական դրսևորումների պակաս երբևիցե չի եղել, սակայն վերջին տարիների դոզավորված պոպուլիզմը գերազանցել է նախկինում եղած բոլոր սահմանները, ավելին՝ օրըստօրե շարունակում է նոր ռեկորդներ սահմանել։
Նիկոլ Փաշինյանը, լինելով պոպուլիզմի ու դեմագոգիայի դասական ներկայացուցիչ, այդ գործիքակազմը դարձրել է իր քաղաքական գործունեության անկյունաքարը և առաջնորդվում է բացառապես այդ ժանրի կանոնների՝ ոգու ու տառին համահունչ։ Ի դեպ, պետք է արձանագրենք, որ նրա կողմից փայլուն աշխատում է այն մեթոդիկան, որը վերջինս կարողանում է համապատասխան քաղաքական սուսով ու փաթեթավորմամբ հրամցնել՝ միայն թե տվյալ փուլում դեպքերն ու իրադարձությունները զարգանան իրեն հարմար սցենարով։ Ժանրի կանոներին համաձայն, Փաշինյանի տեքստերում հաճախ նշվում է, որ նա ունի ժողովրդի վստահությունը (ինչը պոպուլիստական հռետորաբանության տարր է) և որ իր խնդիրն է ժողովրդի կողմից լիազորված ծառայությունների մատուցումը:
Աշնանային քաղաքական օրակարգն արդեն լիիրավ մտել է իր առօրեական հունի մեջ, և նախօրեին ականատես դարձանք փաշինյանական հերթական պոպուլիստական դրսևորման։ Կառավարության բակից իր լայվի միջոցով նա հայտարարեց․ «բազմաթիվ բնակավայրերի բազմաթիվ պրոբլեմներ մեզ հաջողվել է լուծել, և հիմա տեսնելով, որ պռոբլեմները ոչ միայն բարձրացվում են, այլև լուծվում, մենք առաջարկում ենք մեր բնակիչներին իրենց բնակավայրերի խնդիրները հավաքել, ռեյտինգավորել և ներկայացնել, ինչը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը»։
Փաշինյանի այս պոպուլիստական պնդման մեջ հերթական անգամ ականատես ենք լինում իրավիճակների ու փաստերի աղավաղման, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Կառավարությունը, ի սկզբանե (ինչն արձանագրված է նաև Սահմանադրությամբ), կոչված է երկրում ներքաղաքական կյանքը կարգավորելու, պետության ներսում առկա խնդիրները լուծելու և դրանց լուծման ճանապարհներն ու մեթոդները գտնելու համար։ Այսինքն, եթե ավելի պարզ, Փաշինյանի կողմից այդքան հորջորջված «սիրելի ժողովուրդը» Կառավարություն է ընտրում և նրան վճարում, որպեսզի վերջինս կարգավորի երկրի բանականոն կյանքը։ Սա նոր հեծանիվ հորինել չէ, այլ նորմալ իրավա-քաղաքական ընթացակարգ, և դրա ֆոնին ինչ որ նոր մարդասիրական ժեստեր կամ բարի կամքի դրսևորման իմիտացիաներ ստեղծելը շոույի մի բաղադրի է՝ ուրիշ ոչինչ։ Տպավորություն է, թե Փաշինյանը, բնակչությանը կոչ անելով բարձրաձայնել իրենց խնդիրները, լավություն է անում՝ դրաց լուծում տալով։
Ի դեպ՝ նախօրեին մեկնարկեց նաև ԱԺ աշնանային նստաշրջանը, որը պոպուլիզմի, ինչու ոչ նաև ցինիզմի, իսկական «մաստեր-կլաս» էր․ իշխանականներն աչքի ընկան տեղեկատվական դաշտ նետված մի քանի առանցքային թեզերով, որոնց թիրախում դարձյալ Արցախն էր (նշենք, որ սոցցնացերում արդեն մի քանի օր է, տոտալ հակաարցախյան պրոպագանդան ակտիվացել է)։ Տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ վերջին մի քանի օրերին Արցախի հետ կապված հագեցված օրակարգերը, լրջորեն ազդել են Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի վրա և խորհրդարանում առաջին իսկ հնարավորության դեպքում ողջ թիմով լծվեցին հակաարցախյան հերթական գրոհին («լավ ենք արել, որ ստորագրել ենք», «արցախցի պաշտոնյա Հայաստանում չկա, ում հետ հանդիպենք», «խաղաղության պայմանագրում գերիների վերադարձի կետ ներառված չէ», «ԼՂ եզրույթն ինձ համար օտար է», «ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության հարցը պետք է քննարկել»)։ Սրանք թեզեր են, որոնք միանշանակ էժան պոպուլիզմի և ցինիզմի դաշտից են։ Ավելին, այն նույն պնդումներն են, որոնք հնչում են Բաքվից ու Անկարայից։ Այնպես որ, երբ բարձրաձայնվում է, որ Փաշինյանն ունի թուրքական շահերը սպասարկելու օրակարգ, վերոնշյալը փաստում է դրա մասին։ Կարող ենք կանխատեսել, որ նստաշրջանի մեկնարկին զուգահեռ խորհրդարանում նույնպես պոպուլիզմի չափաբաժինը կավելանա նուրբ սուսով, ու կրկին կհայտվենք հերթական հավերժական տեղապտույտի մեջ։
Ըստ էության՝ նմանօրինակ էժանագին հնարքներով Փաշինյանն ամեն ինչ անում է հանրային ուշադրությունը տեղի ունեցող բուն գործընթացներից ապակողմորոշելու և արհեստական օրակարգեր ստեղծելու նպատակով։ Վերը թվարկած փաստերի համադրությունը վկայում է, որ փաշինյանական հերթական մանիպույլատիվ հնարքը բավական գեղեցիկ տեղավորվում ու ընկալվում է, եթե այն փորձում ենք դիտարկել առաջիկա ընտրությունների ֆոնին։ Այսինքն, եթե, այնուամենայնիվ, նա պատրաստվում է գնալ արտահերթ (չնայած հերթական խորհրդարանական ընտրությունները, նույնպես, սարերի հետևում չեն) ընտրությունների, ապա բնակավայրերում առկա խնդիները ռեյտինգավորելու թեման ամբողջովին այս հարթությունում փաթեթավորվող հարց է դառնում։
Հ․գ․ Փաշինյանն, իշխանության գալով, սկզբնական շրջանում ժողովրդավարություն էր խաղում, ձևացնում, թե հարգում է իր երկրում բազմակարծությունը, բայց շատ կարճ ժամանակ անց կտրուկ անցում կատարեց ռեպրեսիաների, ու, ինչպես մենտք տեսնում ենք վերջին 3-4 տարիներին, թեկուզ ձևական ժողովրդավարական ռեժիմին վերադարձ այլևս չկա: Քաղաքագիտության տեսության մեջ հայտնի փաստ է, որ ռեպրեսիոն վիճակը, բռնապետերի վերջին գործիքն է, որին անխուսափելիորեն հաջորդում է իշխանության կորուստը:
Արմեն Հովասափյան