Genesis Armenia-ն արցախցիների տունդարձի ռազմավարություն է մշակում. Այսօր այս «Մեկ տարի առանց Արցախի. վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսի ընթացքում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:
«Այս ռազմավարությունը հեռու է սիրողական և կենացային մոտեցումներից, հենվում է միջազգային իրավունքի և պրակտիկայի անաչառ և ռացիոնալ ուսումնասիրության, թեմային վերաբերվող հետազոտությունների և մասնագիտական մոտեցումների վրա»,-ասել է քաղաքագետ։
Գասպարյանը նշել է, որ նաև իրականացնում են գույքագրման գործընթաց, որը մասնագիտական հանրույթներին հնարավորություն կտա հասնել Արցախի հայաթափման միջազգային դատապարտմանը։
«Չենք խոսում հատուցման հնարավորության մասին, որովհետև ի սկզբանե չենք փակում վերադարձի հնարավորության դուռը՝ անկախ փաստից՝ ովքեր և գաղափարախոսական ի՞նչ երանգավորում ունեցող ուժեր կհայտնվեն Հայաստանի իշխանության ղեկին»,-իր ելույթում ասել է Աբրահամ Գասպարյանը։
Նա շեշտել է, որ արցախցու վերադարձի հարցը միջազգային իրավունքի հարց է։
«Հավատում ենք, որ առաջիկա տարիներին, գործող վարչախմբի իշխանազրկումից հետո, հայկական պետության արտաքին քաղաքական կուրսն էականորեն փոխվելու է, օրակարգի առաջնահերթությունների եռյակում էլ լինելու է՝ Արցախի հարցի արդար կարգավորումն ու արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը»,-ասել է նա։
Քաղաքագետն իր ելույթում մանրակրկիտ նշել է, թե Արցախի կորստից մեկ տարի անց ինչ ունենք:
Նա շեշտել է, որ Հայաստանի գործող իշխանությունը կոպտորեն խախտել է ՀՀ ներպետական և իր միջազգային ռազմաքաղաքական ու անվտանգային պարտավորությունները, ընդհատել է ԼՂՀ անվտանգության երաշխավորի իրավապայմանագրային պարտավորվածությունը, հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման բոլոր մեխանիզմներից։
«Արցախցիների տունդարձի հարցն այսօր դուրս է ՀՀ իշխանության արտաքին քաղաքական և միջազգային հումանիտար իրավունքի օրակարգից»,-ասել է նա:
Գասպարյանը նաև ներկայացրել է Արցախ վերադարձի ճանապարհային քարտեզ, շեշտելով, որ կարևոր են Արցախի ու արցախցու վերադարձի հարցը հռչակել ազգային հավաքական ինքնության բաղադրիչ, բացառել անհատական վերադարձի հնարավորությունը։ Պետք է խուսափել ծայրահեղական մոտեցումներից, կարևոր է գույքագրել Արցախի նյութական և ոչ նյութական մշակութային նշանակություն ունեցող կառույցները և այլն։