ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որը նախատեսում է ադրբեջանական գույքի բռնագրավում և փոխհատուցում՝ Արցախից տեղահանված հայերին։
«Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումները հանգեցրել են հումանիտար աղետի։ Մենք պետք է ապահովենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, իսկ Արցախի անմեղ զոհերը փոխհատուցում ստանան իրենց կրած ահռելի կորուստների համար», – նշել է Շիֆը։
Օրինագծում նշվել է, որ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում՝ Արցախից բռնի տեղահանված բնակիչները թողնել են իրենց աշխատանքը, բիզնեսը և ունեցվածքը, նախկինում եկամուտի և ապրուստի միջոցները, որնք մինչ այժմ հայերը չեն կարողացել վերականգնել։ Օրինագիծը նախատեսում է Ադրբեջանի սուվերեն ակտիվներին տիրապետող ԱՄՆ բոլոր ֆինանսական հաստատություններից պահանջել զեկույցներ, որոնք պետք է ներկայցվեն ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակ:
Օրենքի ընդունման օրվանից 60 օրվա ընթացքում նախագահը պարտավոր է արգելափակել այդ ակտիվների հետ կապված գործարքները, իսկ արգելափակման օրվանից 90 օրվա ընթացքում՝ բռնագանձել դրանք։ Ոչ ուշ, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օր հետո ԱՄՆ նախագահը պետք է բացի հաշվեհամար, որը կստանա «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամ» անվանումը։
Ըստ օրինագծի՝ այնտեղ պետք է կուտակվեն բռնագրավված ադրբեջանական ակտիվները, այնուհետև այդ միջոցները կօգտագործվեն՝ փոխհատուցելու Արցախից տեղահանված իրավասու հայերին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով իրենց ունեցվածքից, բիզնեսից և աշխատանքից եկամտի կորստի համար: Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ-ն պետք է ստեղծի իրավասու տեղահանված հայերի համար Հիմնադրամից փոխհատուցում ստանալու համար պարզեցված ընթացակարգ: Բացի այդ՝ նախատեսվում է բռնագրավել ԱՄՆ-ում գտնվող ադրբեջանցիների անձնական ունեցվածքը և վիզային սահմանափակումներ կիրառել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ովքեր մասնակցել կամ աջակցել են Արցախի դեմ ռազմական հարձակմանը: