Եթե նախկինում Հայաստանը մեղադրում էր ՀԱՊԿ-ին դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար, ապա այս անգամ պարոն Փաշինյանն առաջին անգամ հայտարարել է, որ այն վտանգ է ներկայացնում Հանրապետության ազգային անվտանգությանը, գրել է Коммерсант-ը։
Բացի այդ, օրեր առաջ Երևան էր այցելել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ստեֆան Սեժուրնեն։ Նա նաև հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է հետագայում ևս նպաստել Եվրամիության հետ Հայաստանի մերձեցմանը։ Այնուամենայնիվ, այդ ծրագրերին կարող է խոչընդոտել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, նշել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Ալեքսեյ Նաումովը․ «Մենք տեսնում ենք, թե ինչպես է պարոն Փաշինյանը ցանկանում այս գիծը տանել՝ անվտանգության և պաշտպանության հարցերում գործընկերություն չի լինելու, բայց տնտեսական համագործակցությունը կմնա։ Չեմ կարծում, որ այս գիծն աջակցություն կստանա Մոսկվայում՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության գրեթե ճնշող կախվածությունը Ռուսաստանի հետ փոխգործակցությունից։ Բացի այդ՝ անվտանգության հարցերը չափազանց կարևոր են Ռուսաստանի Դաշնության համար։ Կարծում եմ՝ նրա համբերությունը հիմա փորձության է ենթարկվում։ Մոսկվայի համար կարմիր գիծը կլինի կա՛մ ՀԱՊԿ-ից ֆորմալ դուրս գալը, կա՛մ Հայաստանի սահմանից, ինչպես նաև Գյումրիում տեղակայված ռազմաբազայից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշումը»։ Մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը՝ փորձագետը նշել է, որ դա լիովին անիրատեսական է։
«Այս ուղղությունը, որը միտված է Հանրապետությունը դարձնելու Հարավային Կովկասում Արևմուտքի մի տեսակ ֆորպոստ և Ադրբեջանի, Ռուսաստանի և մասամբ Վրաստանի վրա ճնշում գործադրելու գործիք, դեռ անհաջող է լինելու։ Իհարկե, ԵՄ-ը, շահագրգռված լինելով, ունակ է որոշակի ժեստեր անելու։ Այն կարող է սահմանափակ աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ ֆինանսական, և գեղեցիկ խոստումներ տալ, բայց այդ բոլոր սահմանները լավ դրսևորվեցին Վրաստանի օրինակով», – նշել է Նաումովը: