16 Նոյ
2024
8.1° c ԵՐԵՎԱՆ
12.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից

Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից

Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ: Ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ստանալով հաստատում, որ նման հայտարարություն իսկապես հնչել է, Ռուբեն Վարդանյանը խնդրել է հանրության համար բաց  ձևաչափով փոխանցել իր հետևյալ խոսքը.

«Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից:

Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:

Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ,  ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.

  • Մենք գործընկերներով չենք ցանկանում և չենք միջամտի Հայաստանի քաղաքականությանը:
  • Մենք զբաղվում ենք բարեգործությամբ՝ անկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարևոր հարց և կարևոր մարդասիրական առաքելություն:
  • Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է:

2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքը  ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետևողականորեն հայտարարել եմ: Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողությունները թելադրված էին Արցախի և նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ:

Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանր շրջափուլերից մեկը, բայց ես շարունակում եմ հավատալ, որ չնայած դժվարություններին ու տարաձայնություններին, մենք կկարողանանք հաղթահարել այս փուլը ևս ու կառուցել խաղաղ ու լուսավոր ապագա»:

Ռուբեն Վարդանյանի գրասենյակ