Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ուղերձը ՀՀ անկախության օրվա կապակցությամբ․
«Այսօր Սեպտեմբերի 21-ն է. Հայաստանի Հանրապետության անկախության օրն է. այլ խոսքով՝ սովորական օր չէ՛, չպետք է այդպիսին լինի յուրաքանչյուր հայի և ողջ հայության համար։ Մեր պատմության ընթացքում Հայաստանի անկախության համար պայքարեցինք, ստեղծագործեցինք, նույնիսկ արյուն թափեցինք այն խոր գիտակցությամբ, որ անկախությունը Աստվածատուր իրավունք է և, հետևաբար, սրբազան արժեք է և դրա անվթար պահպանումը ու պաշտպանությունը պարտավորությունն է յուրաքանչյուր հայի։
Այսօր, երբ նշում ենք անկախությունը Հայաստանի, հարկ է անդրադառնալ, թե ի՞նչ է մեր պարտավորությունը ու իրավունքը նրա նկատմամբ։ Այսօ՛ր մանավանդ, երբ նայում ենք անկախ Հայաստանին, անդրադառնում ենք, որ այն ահավոր տագնապներով է շրջապատված, ներքին թե արտաքին, հեռավոր թե մոտավոր։ Տագնապներ, որոնք կարող են խախտել Հայրենիքի անկախության հիմքերը, նոյնիսկ հարցականի տակ առնելով նրա ինքնանկախ գոյությունը։ Ճի՛շտ է, պետք չէ հուսահատ ու հոռետես լինել. սակայն, Հայաստանի ներկա կացության իրապաշտ արժևորումը առաջնորդում է իրատեսության և, անկասկած, իրատեսությունը մեզ պետք է մղի հավաքական կամքով ու գիտակից հանձնառությամբ պաշտպանելու Հայաստանի անկախությունը՝ այն հեռու պահելով հողային ամբողջականությունը ու անվտանգությունը խաթարող բոլոր տեսակի մոտեցումներից, զիջումներից ու համաձայնագրերից։
Եկեղեցին բոլոր ազգերի կյանքի մեջ միշտ եղել է անկախության կողքին՝ այն նկատելով իր առաքելության էական տարածքներից մեկը։ Այսպես եղել է մանավանդ հայ եկեղեցին մեր ազգի պատմության ընթացքում՝ գործնապես արտահայտելով իր ամուր կեցվածքը այն բոլոր փորձերի նկատմամբ, որոնք կարող էին խաթարել Հայրենիքի անկախությունը։ Նայենք մեր անցյալին, որպեսզի կարողանանք Հայրենիքի ներկան արժևորել և համապատասխան մոտեցումներ ճշտել՝ նրա անկախությունը ավելի ամուր հիմքերի վրա դնելու սրբազան նախանձախնդրությամբ։
Հետևաբար, մեր ժողովրդի միասնակամությունը համահայկական օրակարգի շուրջ՝ ուժերի համախմբումով և մեր հավաքական վճռակամության ամրացումով ավելի քան հրամայական է մեր պատմության վճռադրոշմ այս հանգրվանին։
Ա՛յս է պատգամը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի»։