Ամենամեծ աշխատանքն սկսելու է պայքարում հաղթելուց և իշխանությանը իշխանազրկելուց հետո․ Աբրահամ Գասպարյան
Եթե այդ անձնավորությունը դեռ շարունակում է պաշտոնավարել, ուրեմն հայ ժողովրդի բոլոր այն զավակները, որոնց համար ազգային, պետական շահը գերակա է, բոլորը պարտված են․ Մարզահամերգային համալիրում «Սրբազան պայքարի» մեծ հավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։
«Իսկ մենք չենք ուզում պարտվել, չենք ուզում պարտված տեսնել հայրենիքը, պետությունը, այդ իսկ պատճառով այս կռիվը պետք է շարունակենք։ Ամեն ինչ պիտի դնենք այս պայքարի մեջ, բայց սա ընդամենը նախերգանքն է, որովհետև աշխատանքի ամենամեծ դաշտն սկսվելու է այս իշխանության իշխանազրկումից հետո։
Մեզ երկար ճանապարհ է սպասվում։ Թող չթվա, թե հոգնել ենք կամ հոգնելու ենք․ կզարկենք, մենք ոտքի կկանգնենք, կփորձեն մեզ թուլացնել, մենք չենք ջլատվի, մեր միասնականությունը կշարունակենք պահել և պայքարի ջահը բարձր կպահենք»,-ասել է Գասպարյանը։
Նա խորհուրդ է տվել ակնկալիքները միշտ դրական ֆոնի վրա պահել, բայց այնպես անել, որ դրանք որպես կենաց հնչելու փոխարեն միս ու արյուն ստանան։
Քաղաքագետը նշել է, որ պայքարում փորձել են օգտագործել Հայաստանի և Սփյուռքի գիտամտավոր ներուժը։
«Ժողովուրդների պայքարը հեշտ չէ, երկարատև և պատասխանատու է, իսկ «Սրբազան պայքարը» չի կարող ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են մեր ժողովրդի զավակներին վնաս հասցնել՝ սկսած ֆիզիկական վնասից։
Ես հավատում եմ, որ մեր հաղթանակը լինելու է, որովհետև երկար ենք պայքարել և շարունակելու ենք այդ կռիվ տալ, և դա պիտի պսակվի հաջողությամբ»,-ասել է քաղաքագետը։