26 Դեկ
2024
-0.2° c ԵՐԵՎԱՆ
-2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնն ու Ֆրանսիան ոչ թե Փաշինյանին են աջակցում, այլ Հայաստանին, հայ ժողովրդին․ Մուրադ Փափազյան

Մակրոնն ու Ֆրանսիան ոչ թե Փաշինյանին են աջակցում, այլ Հայաստանին, հայ ժողովրդին․ Մուրադ Փափազյան

Փաշինյանն իր կարծիքն ունենալու իրավունք ունի, բայց ժողովրդին խաբելու իրավունք չունի․ Մարզահամերգային համալիրում «Սրբազան պայքարի» հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ֆրանսիահայ գործիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

«Ինքն իրավունք ունի իր կարծիքն ունենալու, բայց ժողովրդին խաբելու իրավունք չունի։ Ասում են՝ Փաշինյանը երկու անգամ ընտրվել է ժողովրդի կողմից, բայց իր նախընտրական ծրագրում Արցախի հանձնումը չկար։ Նա գնաց Ստեփանակերտ, ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Նա հայ ժողովրդին ծախեց այն գաղափարը, որ միասին պետք է որոշումներ կայացնենք, պետք է հավաքվենք հրապարակում և միասին որոշումներ կայացնենք, բայց սա չեղավ»,-ասել է Փափազյանը։

Նա ընդգծել է, որ ընտրելուց առաջ Փաշինյանը հայ ժողովրդին չի ասել, որ սահմանները պիտի բացի, չի ասել, որ Հայաստանի մի կարևոր մասը, ինչպես օրինակ Տավուշի հողերը,  պիտի փոխանցի Ադրբեջանին։

Խոսելով այն մասին, որ իր նման հայտարարություններից հետո գուցե դարձյալ արգելվի իր մուտքը հայրենիք, Փափազյանը հիշեցրեց՝ ԱԱԾ-ին դատի է տվել ու շահել դատը։ «Հարցը քաղաքական էր, և ես ազատ եմ իմ կարծիքներն արտահայտելու հարցում, ինձ ոչ մեկը չի կարող արգելել»,-ասել է նա։

Ֆրանսիահայ գործիչը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցում է ոչ թե Փաշինյանի ռեժիմին, այլ Հայաստանին, պետությանն ու ժողովրդին, իսկ դրան հասնելու համար ֆրանսիահայ համայնքը տասնյակ տարիներ աշխատել է։

«Այսինքն՝ այսօր ՀՀ-ում որևէ ուրիշ ղեկավար էլ լիներ, Ֆրանսիան կօգներ, որովհետև Ֆրանսիան և Ֆրանսահայ համայնքը շփվում են, աշխատում են, որ Ֆրանսիան օգնի Հայաստանին։ Դուք նկատել եք, որ Ֆրանսիան պինդ է մնում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման հարցում։ Նիկոլ Փաշինյանը չի պայքարում, որ Արցախի ժողովուրդը վերադառնա, բայց Ֆրանսիան զորավիգ է կանգնում պետականությանը, երկրին, ժողովրդին, ոչ թե ռեժիմին»,-ասել է Փափազյանը։