Աշխարհն ունի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու բացառիկ հնարավորություն․ The National Interest
COP29 գագաթնաժողովը կարող է միջազգային հանրության համար լինել վերջին հնարավորությունը՝ դատապարտելու նախագահ Իլհամ Ալիևին և կանխելու Արցախի բնակչության ամբողջական ջնջումը, գրել է The National Interest-ը:
Մեկ տարի առաջ ադրբեջանական ուժերը դաժան ռազմական գործողություն սկսեցին Արցախում, ինչի հետևանքով՝ մի քանի օրվա ընթացքում 120,000 էթնիկ հայ բնակչությունը վտարվեց մի վայրից, որը հազարամյակներ շարունակ տուն էր կոչել: Բացի մի քանի ձևական հայտարարություններից՝ միջազգային հանրությունը ոչինչ չարեց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Այժմ, այն ունի եզակի հնարավորություն փոխհատուցելու:
Նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը կամ COP29-ը, որը համաշխարհային առաջնորդների ամենակարևոր հավաքն է՝ ուղղված կլիմայի փոփոխությանը: Մինչ Ադրբեջանն օգտագործելու է համաժողովը, որպեսզի փորձի փայլեցնել իր իմիջը և իրեն դրսևորել որպես տարածաշրջանում առաջատար, իրավապաշտպան համայնքը հնարավորություն է տեսնում վերջապես ուշադրություն դարձնելու Ադրբեջանի ռեժիմին, որը շարունակում է ագրեսիան Հայաստանի և սեփական ժողովրդի նկատմամբ։
COP29-ը կարող է ծառայել որպես հարթակ մասնակիցների համար՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու իր չարաշահումները, ինչպես նաև կոնկրետ ճանապարհ առաջարկելու իրենց հայրենիքից վտարված մարդկանց համար:
Հոդվածագիր Թոմաս Բեքերը նշել է, որ ինքը և իր գործընկերները Մարդու իրավունքների համալսարանական ցանցում անցած չորս տարին ընթացքում հետաքննել ենպատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականցված մի շարք չարաշահումներ, որոնք հանգեցրել են անցյալ տարվա էթնիկ զտումների: Հարվարդի, Օքսֆորդի, UCLA-ի, Յեյլի թիմերն իրականացրել է յոթ փաստահավաք առաքելություն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, որոնցից ամենավերջինը տեղի է ունեցել վերջին ամսում: Արդյունքում հրապարակվել է 200 էջանոց զեկույց՝ վայրագությունների մասին, այդ թվում՝ չափից դուրս խոշտանգումների, սպանությունների, անհետացումների, դիակների խեղման, եկեղեցիների ու գերեզմանատների ավերման:
Այս չարաշահումները Արցախի բնիկ բնակչությանը ոչնչացնելու Ադրբեջանի ավելի լայն արշավի մի մասն են կազմում, մի քաղաքականություն, որը բացահայտորեն քարոզվում է նրա ղեկավարության կողմից բազմիցս: Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հայերին անվանում է «առնետներ», «շներ» և «բարբարոսներ», որոնք վարակված են «վիրուսով» և «բուժվելու կարիք ունեն»։ Նա բազմիցս զգուշացրել է. «Եթե հայերը չեն ուզում մեռնել, ապա պետք է հեռանան ադրբեջանական հողերից», որը նա համարում է Լեռնային Ղարաբաղը և նույնիսկ Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը։ Ադրբեջանցի պաշտոնյաները կրկնում են նրա ցեղասպանական դիսկուրսը` էթնիկ հայերին անվանելով «քաղցկեղային ուռուցք» և «հիվանդություն»՝ հայտարարելով. «Մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է»:
Անցյալ տարվա էթնիկ զտմանը նախորդող շաբաթների ընթացքում Թոմաս Բեքերը հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ նախազգուշացնելու մոտալուտ վտարման մասին: ՄԱԿ-ը հրապարակել է նաև տարածաշրջանում ցեղասպանության վտանգի մասին զեկույց: Ահազանգել են նաև Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդականը, Genocide Watch-ը և Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը։ Բոլորը առանձին զգուշացումներ են արել Ադրբեջանի գործողությունների ցեղասպանական բնույթի մասին:
«Ցավոք սրտի, մեր ահազանգերն անտեսվել են, և անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարվածներ է հասցրել։ Արդյունքը կործանարար է եղել», – նշել է հոդվածագիրը։
Ալիևի քաղաքական գոյատևումը կախված է նրա հեղինակությունից այնպիսի ֆորումներում, ինչպիսին COP29-ն է: Շատերը ցնցված էին հայտարարությունից, որ Ադրբեջանի նման դաժան նավթային պետությունը կհյուրընկալի կլիմայի փոփոխության կոնֆերանսը, որը որոշում է կայացվել էթնիկ զտումների իրականացումից միայն շաբաթներ անց: