Ադրբեջանն իր ռազմավարական շահերին հասնելու համար արցախյան հակամարտության վերաբերյալ փորձել է ձևավորել միջազգային իսլամական օրակարգ․ հետազոտություն
Անկախության ձեռքբերումից ի վեր Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ օգտագործել է իր իսլամական ինքնությունը՝ Արցախի հակամարտության վերաբերյալ միջազգային իսլամական օրակարգ մշակելու համար, եզրակացրել են «Ադրբեջանի իսլամական դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի 2020թ-ի պատերազմի համատեքստում. Իսլամական համագործակցության կազմակերպման դերը» հետազոտական հոդվածի հեղինակները։
Ըստ հետազոտության արդյունքների՝ Ադրբեջանն առաջ է քաշել իսլամական համերաշխության գաղափարը և դիվերսիֆիկացրել իր ռազմավարական շահերը հակամարտությունում: Ադրբեջանն իր դիվանագիտական ռազմավարության միջոցով՝ փորձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) համակողմանի աջակցությունը ստանալու։
Մինչև 2020 թվականն Ադրբեջանն ու Հայաստանը պահպանել են մի իրավիճակ, որը բնութագրվում էր ո՛չ պատերազմով, ո՛չ խաղաղությամբ։ Այնուամենայնիվ, նրանք համագործակցել են, թեև որոշակի վերապահումներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը Լաչինի միջանցք է ուղարկել, այսպես կոչված, էկոակտիվիստների՝ խոչընդոտելով երթևեկությանը և սննդի մատակարարումն Արցախ։ Այն դադարեցրել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը (դեկտեմբերի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում)՝ հումանիտար ճգնաժամի վտանգի տակ դնելով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակիչներին։
ԼՂ-ն ամբողջությամբ Ադրբեջանին անցնելուց հետո նրա մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը, վերանվանվել է՝ ստանալով ադրբեջանական անվանումը, որը չէր օգտագործվել անգամ խորհրդային շրջանում և շրջանառության մեջ է դրվել Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից։
Որոշ դեպքերում, եթե հայկական եկեղեցիներն ուղղակիորեն չեն քանդվում, դրանք «վերանորոգվում են»: Այս վերանորոգումն առաջնորդում է կեղծ գիտական տեսությունը, իբր դրանք ալբանական են։