Գեոպոլիտիկ «ընկեցիկը» կամ Փաշինյանի նյույորքյան «գոստրոլները»
Հայաստանյան քաղաքական առօրյայում ամենօրյա ռեժիմով ականատես ենք դառնում իրարամերժ ու հակոտնյա իրավիճակների, որոնք ՀՀ հետագա գոյության համար դառնում են ուղղակի սպառնալիք․ այս ամենի մեջ իր առանցքային դերակատարումն ունի Նիկոլ Փաշինյանը, որն ամեն ինչ անում է արտաքին «տերերին» հլու ծառայելու և հաճոյանալու համար։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը 5 օրով մեկնել են Նյու Յորք, որտեղ Փաշինյանը պատրաստվում է «Հանուն Ապագայի» գագաթնաժողովին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ վեհաժողովի աշխատանքներին։ Արդեն հաստատվել է, որ Նյու Յորքում տեղի է ունենալու նաև Նիկոլ Փաշինյանի ու Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը, որը նույնպես մասնակցում է վեհաժողովին։ Փաշինյան-Էրդողան հանդիպումից պրոհայկական որևէ արդյունք սպասելն անշուշտ մոլորություն է, քանի որ այն, ըստ էության, լինելու է գործողությունների հաշվետվություն, որտեղ Փաշինյանը հանգամանալից, թուղթ ու գրիչով «շեֆին» ներկայացնելու է Ադրբեջանի հետ ունեցած բանակցային փաթեթի կետերն ու դրույթները։
Նշենք, որ Փաշինյանի հետ ԱՄՆ է մեկնել նաև Արարատ Միրզոյանը, և տարբեր չհաստատված տեղեկություններ են շրջանառվում, որ բացառված չէ տեղի ունենա Միրզոյան-Բայրամով հանդիպում։ Հատկանշական է այն, որ տևական ժամանակ է՝ ամերիկյան կողմն ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի դեր ստանձնի և կարողանա հնարավոր ստորագրվելիք փաստաթղթում որևէ դերակատարում ունենալ։ ՄԱԿ-ի ԳԱ-ն թերևս լավագույն տարբերակներից է, որպեսզի այս հարցում Բլինքենը փորձի «պարտիա» խաղարկել։ Ի դեպ՝ բոլորս ենք հիշում, որ նախորդ տարի Նյու Յորքում գտնվող Արարատ Միրզոյանն իր ելույթում խոսում էր արցախցիների իրավունքներից ու անվտանգության հարցերից, բայց թե ինչ տեղի ուենցավ իշխող խմբի բառամթերքի հետ սեպտեմբերի 19-ից հետո բոլորիս աչքի առաջ կայացած փաստ է, իսկ Արցախյան օրակարգը հայաստանյան գործող վարչախմբի համար ամբոջովին փակված թեմա է։
Գրեթե ոչ մի կասկած չկար, որ Փաշինյանն իր ելույթում ոչ մի անդրադարձ չի կատարելու Արցախի հայաթափումից, տեղի ունեցած ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից, ՀՀ օկուպացված սուվերեն տարածքում ադրբեջանական զորքի ներխուժումից, կամ ոչ մի բառ Բաքվի բանտում մեկ տարի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հայրենիք վերադարձից, և ընդհանրապես գերիների հարցի մասին (իր վերջի ասուլիսի ժամանակ նա թեմայի հետ կապված հայտարարեց, որ ԱՄՆ-ն Վիտենամի պատերազմի ավարտից 10 տարի անց դեռ գերիների վերադարձի հարց էր քննարկում)։ Սրանք փաստեր են, որոնք Փաշինյանի համար որևէ առաջնային նշանակություն չունեն, և, միանշանակ, վնաս կհասցնեն իր «խաղաղության դոկտրինին»։ Դրա փոխարեն նա ինքնամոռաց խոսեց «խոհափիլիսոփայական նարատիվների մասին», շեշտեց, որ իր նախընտրական կարգախոսը նույնպես կապված էր «ապագայի» հետ, ընդգծեց, որ ի տարբերություն իր նախորդ 3 ելույթների նա այս անգամ հարևանների նկատմամբ կոշտ բառամթերք չի օգտագործում և այլն։
Հավելենք․ որ «Հանուն ապագայի» դաշնագիրը, որի ստորագրումը նախատեսվում է այս նստաշրջանի շրջանակներում որևէ քաղաքական առանցքային հարցերի հետ ոչ մի աղերս չունեցող դեկլարատիվ ու հումանիտար մի փաստաթուղթ է։ Դրանում հատուկ տեղ է տրված աղքատության դեմ գլոբալ պայքարին, հանրային կյանքում կանանց, աղջիկներին և երիտասարդներին ավելի շատ հնարավորություններ տալու խնդիրներին։ Այլ բառով ասած՝ նման օրակարգն իսկական նվեր է Նիկոլ Փաշինյանի համար։ Այնպես, որ դեկլարատիվ պոպուլիզմից անդին Փաշինյանից Նյու Յորքում ոչինչ ակնկալել պետք չէ։ > Anna Sargsyan: Որպես կանոն նմանօրինակ համաշխարհային ֆորումների ժամանակ մշտապես փորձ է արվում առիթը բաց չթողնել և հանրայնացնել պետության ու ժողովրդի առաջ ծառացած առաջնահերթ խնդինեերը, քանի որ սա մի ձևաչափ է, որը նաև հարմար առիթ է թիվ մեկ օրակարգը աշխարհաքաղաքական ընդհանուր «ռասկլադում» տեղավորելու համար։ Նշենք, որ նման դրվագներ ՄԱԿ-ի ԳԱ պատմության մեջ եղել են 100-ավոր անգամներ․ բոլորս ենք հիշում 1965 թվականի Չէ Գևարայի հայտնի ելույթը Կուբայում ստեղծված ճգնաժամի հետ կապված՝ մարդկանց սոցիալական ծանր վիճակը և այդ հարցում ԱՄՆ-ի վարած վայրագ քաղաքականությունը, Խրուշչովի «կոշիկի» լեգենդար դրվագը, Կաստրոյի խոսքը և այլն։ Սա խոսում է այն մասին, որ ՄԱԿ-ը լավ հարթակ է ծառայում առկա խնդիրը բարձրաձայնելու և համաշխարհային տիրաժավորման ներկայացնելու համար, բայց դա Փաշինյանի «հայրենասիրական» նարատիվներում չտեղավորվող երևույթ է, ուստի նա կգերադասի շրջանցել հայկական օրակարգը սպասարկող հայեցակարգերի մասին խոսելուց և կտրվի համաշխարհային թրենդ հանդիսացող «ապագայի» տեսլականի հարցերին։
Շատ կարևոր է, որ այս ընդհանուր փազլի մեջ դիտարկենք մի դրվագ, որի մասին օրերս տեղեկություն սպրդեց մամուլով։ Օրերս Քարնեգի հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ, ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բաերը նշել էր, թե «հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին, մենք պետք է պատրաստ լինենք պահպանելու մեր աջակցությունը երկար ժամանակ»։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանին Նյու Յորքում հնարավոր է փորձեն հերթական անգամ համոզել, որ հայ-ռուսական հարաբերությունների հարցում գնա էլ ավելի ծայրահեղ ու կտրուկ քայլերի՝ երկիրը տանելով ուկրաինացման ճանապարհով։ Բնական է Փաշինյանի գործողությունների ու քայլերի շարժն այդքան արագ ու ցցուն չի լինի բայց աստիճանաբար «գլուխը շոյելով» կտրամադրեն իրենց թիրախները խոցելու համար։
Այնպես որ մեծ է ռիսկը, որ Նյու Յորք այցի շրջանակներում Փաշինյանին մեզ համար ոչ հաճելի ու ցավոտ զիջումների հերթական տրցակը ներկայացնեն, իսկ վերջինս էլ հանձն առնի դրանք կյանքի կոչել։ Նման վերաբերմունքի միակ պատճառը Փաշինյանի անատամ ու անկեցվածք քաղաքական տեսակն է, երբ կարողանում են հեշտ համոզել ու իրենց ցանկալի արդյունքը պոկել (ՀՀ տարբեր իշխանական չինովնիկներ քանիցս իրենց խոսքում շեշտել են, որ՝ «եթե պետք լինի առանց լույս ու գազ կապրեն»):
Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ իրականում Փաշինյանն իրենից ոչ թե գործոն է ներկայացնում, այլ՝ գործիք, երբ նրան ցանկացած հարմար առիթի դեպքում իր աշխարհաքաղաքական տերերը կիրառում են իրենց համար հաճելի օպերացիան իրականցնելիս։ Գործիք, որն առաջին հերթին ուղղված է հայի ու հայկականության դեմ և ծառայում է բացառապես օտարի շահերին, երբ յուրքանչյուր անգամ քաղաքականապես վերատադրվելու և քաղաքական կյանքը երկրարացնելու նպատակով դռնեդուռ է ընկնում և լիզում տարբեր աշխարհաքաղաքական բևեռների կոշիկները, իսկ տվյալ բևեռն էլ, նայած իրավիճակի ու տվյալ պահին շահերից բխելու տրամադրության, Փաշինայնին օգտագործում է ըստ արժանվույն՝ տալով համապատասխան հրահանգավորում, վստահ լինելով, որ այն անխոչընդոտ կյանքի է կոչվելու։
Իր տեսակով լինելով «իզմեր»-ը մերժող՝ Փաշինյանն բազմաթիվ անգամ ապացուցել է, որ սեփական իշխանությունից անդին ոչ մի արժեք՝ առավել ևս պետական շահ, գոյություն չունի։
Արմեն Հովասափյան