24 Դեկ
2024
4.7° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցիների վերադարձի գաղափարը մեր օրակարգից դուրս չի գալու․ Բագրատ սրբազան 

Արցախցիների վերադարձի գաղափարը մեր օրակարգից դուրս չի գալու․ Բագրատ սրբազան 

Արցախի կորստից անցել է մեկ տարի, մենք զրկված ենք Արցախից, ուղղակի քաղաքական վերլուծությունները Արցախի շուրջ դատարկաբանություններ են․ ուղիղ եթերում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա հիշեցրել է՝ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները կան, գոյություն ունեն։ «Մենք ամեն ջանք պետք է գործադրենք դրանք պաշտպանելու համար։ Պետք է աջակցենք ու քաջալերենք, որովհետև Արցախը կայացած Հանրապետություն է եղել, ունեցել է կայացած ինստիտուտները։ Մեզ այսօր Արցախից մնացել են այդ ինստիտուտները, և ամենակարևորը մնացել են մեր քույրերն ու եղբայրները, որոնք ոմանց համար, թշնամիների համար հյուր են մեր Մայր հայրենիքում, բայց մեր գնահատմամբ՝ տեր են և ավելի տեր են Մայր հայրենիքում»․-ասել է Սրբազանը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը խոսում է Արցախ բնակչության արժանապատիվ վերադարձի մասին, այդ մասին խոսել է նույնիսկ թշնամի պետության ղեկավարը՝ իր գաղափարաբանությամբ և իր եզրաբանությամբ։

«Մենք շեշտում ենք և նշում ենք, որ Արցախի հիմնախնդիրը լուծված չէ։ Այն պետք է վերադառնա իրական և արդար բանակցային դաշտ՝ այդպիսով նաև ապահովելով իրական և արդար երկարաժամկետ կայուն խաղաղության գաղափարը։ Վերադարձի գաղափարը մեր օրակարգից դուրս չէ և դուրս չի գալու»,-ասել է Բագրատ սրբազանը։