Ադրբեջանի հանդեպ համաշխարհային անտարբերությանն էլ ավելի մտահոգիչ է դառնում «Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանության ֆոնին․ ամերիկացի լրագրող
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը և օպերատոր-ռեժիսոր Քորի Փոփը լայնածավալ վավերագրական ռեպորտաժ են պատրաստել Արցախում պատերազմի, էթնիկ զտումների և Ադրբեջանի ներկայիս նկրտումների մասին։ Ինչպես նշվել է, սկզբում Ադրբեջանը պատերազմ սկսեց, ապա էթնիկ զտումներ կատարեց ողջ տարածաշրջանում։ Իսկ այժմ, Ադրբեջանը պնդում է, որ ողջ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը երկար ու բարդ պատմություն ունի։
2020 թ-ին Թուրքիայի աջակցությամբ և միլիարդավոր դոլարների իսրայելական զենքով Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի և Հայաստանի դեմ։ «Ես Արցախում էի և լուսաբանում էի պատերազմն՝ ականատես լինելով ծայրահեղ ավերածությունների։ Պատերազմը տևեց 44 օր։ Ի վերջո Ադրբեջանը վերահսկողություն ստացավ Արցախի զգալի մասի վրա։ Այնուհետև Ադրբեջանը բազմաթիվ հարձակումներ իրականացրեց հայկական տարածքի նկատմամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը և կրկին մեղադրելով ՀՀ-ին», – նշել է Սնելը։
Ադրբեջանը բացել է «պուրակ» և այն լցրել հայ զինվորների ռասիստական արձաններով, ինչն ուժի ցուցադրություն չէ պարզապես, այլ նվաստացման և ապակայունացման բացահայտ ակտ։ Իսկ ամենից վատն այն է, որ ադրբեջանցի դպրոցականներն էքսուրսիա են գնում այդ պուրակ՝ նրանց մեջ ատելության սերմեր ցանելով։
Ադրբեջանը հրադադարների խախտումների ընթացքում իրականացրել է ռազմական սարսափելի հանցագործություններ։ Իսկ հետո՝ 2022 թ-ի դեկտեմբերից շրջափակել է Լաչինին միջանցքը՝ փակելով ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհը և զրկելով այնտեղ ապրող 120 000 հայերին սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության ծառայությունների հասանելիությունից։
Չնայած բազմաթիվ միջազգային կոչերին՝ դադարեցնելու շրջափակումը, Ադրբեջանը դա չի արել։ Այդ ամենն ավարտվեց 2023 թ-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը նոր ռազմական հարձակում ձեռնարկեց Արցախի վրա՝ էթնիկական զտումների ենթարկելով գրեթե ողջ հայ բնակչությանը։ Չնայած պատերազմը սկսելուն, բազմաթիվ հարձակումներին և ներխուժումներին, շրջափակմանը և ամբողջ տարածաշրջանի էթնիկ զտմանը, Ադրբեջանը միջազգային հետևանքներ չկրեց, պատժամիջոցներ չկիրառվեցին։ Ավելին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ԵՄ-ը գազային նոր գործարքներ կնքեց Ադրբեջանի հետ՝ անվանելով այն իր վստահելի էներգետիկ գործընկերը։
Ադրբեջանում կկայանա նաև ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը՝ COP29-ը։ «Ադրբեջանի վատ գործողությունների նկատմամբ համաշխարհային անտարբերության այս օրինաչափությունը հատկապես մտահոգիչ է դարձնում Արևմտյան Ադրբեջանի մասին հռետորաբանությունը»,- վստահ է լրագրողը։
ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու պահանջները այս արշավը դարձնում են լուրջ սպառնալիք՝ պոտենցիալ հիմք ստեծելով ապագա հակամարտության համար։ Ոչ վաղ անցյալը ցույց է տալիս, որ Հայաստանը չի կարող կախված լինել այլ երկրներից։
Արցախի էթնիկական զտումներից մինչև հայկական տարածքի նկատմամբ ավելի ու ավելի համարձակ պահանջներ ներկայացնելը օրինաչափություն է։ Սա միայն հողի կամ ռեսուրսների մասին չէ։ Խոսքը ժողովրդի, նրա մշակույթի և պատմության ջնջման մասին է։ Դրա համար հարկավոր է լուրջ վերաբերել նրանց ծիծաղելի թվացող քարոզարչությանը։ Քանի որ ագրեսիվ, սրիկա պետության ձեռքում նույնիսկ ամենատարօրինակ պահանջները կարող են պատրվակներ դառնալ շատ իրական և վտանգավոր գործողությունների համար: