Արցախն ատողի վաղեմի փափագը
Տեղեկատվական հարթակներում անցնող շաբաթվա հիմնական ասելիքի առանցքը դարձյալ Արցախն էր․ սեպտեմբերի 19-ին լրացավ Արցախի բռնազավթման ու վերջնական հայաթափման մեկ տարին։ Ուղիղ մեկ տարի առաջ պատմական Արցախը, որն իր հիշատակման ողջ ընթացքում չէր զրկվել իր էթնիկ բնակչությունից, հայաթափվեց։ Այս ամենը տեղի ունեցավ հայաստանյան իշխանության և հասարակության լուռ հայացքի և համաձայնության ներքո։ Հենց այս հանգամանքով պայմանավորված՝ ուղիղ մեկ տարի Փաշինյանն ու իր թիմը «ոտ ու ձեռ ընկած» ամեն ինչ անում են՝ Արցախի հայաթափման ու հանձման հարցն իրենց ուսերից գցելու և այդ հարցով մեղավորներ «նշանակելու» համար։
Ինչես հատուկ է փաշինյանական նարատիվին՝ առաջին հերթին սկսվեց կիրառվել մանիպուլյացիոն այն թեզը, թե «Արցախի հանձնման միակ մեղավորը Արցախի այդ օրերի իշխանություններն էին», մյուս տարբերակը՝ «ՀՀ ընդդիմադիր շրջանակներն ամեն ինչ արեցին, որպեսզի Արցախում տեղի ունենա հեղաշրջում, իշխանության գան իրենց շահերը սպասարկողները և տեղի ունենա կատարվածը»։ Այս թեզը դոզավորված սկսվեց ներարկվել հանրային տարբեր շերտերում՝ մարդկանց աչքին դեմոնիզացնելով Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունն ու այն անձինք, ովքեր տարբեր կերպ ասոցացվում էին «նախկինների» հետ։
Վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր ասուլիսների, հարցազրույցների ու ֆորումների ժամանակ Փաշինյանը, փաստերն աղավաղելով, ու իր քաղաքական քիմքին հաճո բառամթերքով, ներկայացնում է տեղի ունեցածը, որպես «դավադրություն ուղղված Լեռնային Ղարաբաղի (նա վերջին 2 տարվա ընթացքում ընդհանրապես «Արցախ» ձևակերպումը հանել է իր բառապաշարից) ազգաբնակչության դեմ»։ Փաշինյանն այդ ամենն անում է մեծագույն հաճույքով, մի պահ, կարծես մոռանալով, թե ով էր 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ժպիտը դեմքին ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, և հպարտորեն հայտարարում, թե «վե՛րջ, խաղաղությունը եկավ»։
Հատկանշական է, որ օրեր առաջ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադարձել էր Փաշինյանի այն մտքին, թե «Արցախը հանձնել են», նշել է, որ «ովեքեր խոսում են հանձնման մասին, շատ փայլուն տեղյակ են եղել, թե ինչ վիճակ է եղել երկրում, Արայիկ Հարությունյանը ուղիղ հեռախոսակապի մեջ է եղել Փաշինյանի հետ և մանրամասն ներկայացրել իրադրությունը»։ Այսինքն` Փաշինյանը տեղյակ է եղել, որ Ադրբեջանի կողմից բլոկադայի մեջ գտնվող Արցախն ինչ հյուծված ու բարոյալքված վիճակում է, մարդիկ սոված ու ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում, գեղեցիկ կերպով խաղից հանում է Հարությունյանին, որից հետո իշխանությունն ստանձնում են համապատասխան անձինք և տեղի է ունենում այն ողբերգությունն, ինչը կատարվեց։ Ձեռքի մի շարժումով ամեն ինչի պատասխանատուն ու մեղավորները դառնում են «նախկինները», իսկ ՔՊ-ական պատգամավորն էլ ամբիոնից մատ է թափ տալիս ու նրանց կոչում «եվլախականներ»։
Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակ նետած թեզերը սինխրոն տիրաժավորվում են տարբեր շերտերով․ նախ այն միանգամից դառնում է նրա քաղաքական թիմի հիմնական կարգախոսը, որի վրա էլ տարբեր քաղաքական կերպարներ փորձում են իրենց խոսքը կառուցել՝ նախադասությունների շարադասությունները փոխելով (իսկ շատ հաճախ, որպես կանոն, հանդիպում ենք անհաջող պլագիատի դեպքերի, երբ Փաշինյանի ասածը կրկնվում է բառացի)։ Թեման լայնակի «բացազատվում» է խորհրդարանում՝ հայտարարությունների ժամին կամ, ասենք, հարցուպատասխանի ժամանակ իշխանական պատգամավորներից մեկը հատուկ այդ ժանրի հարց է հնչեցնում, որպեսզի այն քննարկման առարկա դառնա և լրատվականներում ու սոցցանցերում հերթական անգամ շրջանառվի։ Սա այն մեխանիզմն է, որ ժամացույցի ճշգրտությամբ աշխատում է ուղիղ վեց տարի։
Այս օրերին ականատես ենք դառնում, մի այլ իրավիճակի, որի թիրախը բացառապես Արցախն է, իսկ առավել կոնկրետ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունը։ Հանրության մոտ քիչ թե շատ հեղինակություն ունեցող որոշ «բլոգերներ» ու այլ էպատաժային կերպարներ բաց տեքստով, առանց ավելորդ կաշկանդվածության ու ձևականության, գրոհում են Բաքվի բանտերում գտնվող Արցախի էլիտային՝ նրանց հասցեին հնչեցնելով լուտանքների ու հայհոյանքների մեծաքանակ չափաբաժին։ Արցախում տարբեր «կալիբրի» փողոցային ու պատերի տակ շրջանառված ասեկոսեները, որոնց ճշմարտացիության չափը մի քանի միլիտոկոս է, փաթեթավորվում ու հանրությանը հրամցվում են որպես «փաստերով ապացուցված» ճշմարտություններ, որի հետ միախառնվում է նաև մանիպուլիացիայի ու իշխանությունների կողմից հստակ մշակված թեզերի տրցակ։ Այսինքն` այն, ինչը չի հնչեցվում փաշինյանական ֆորմատով, արվում է վերը նշյալ տարբերակով, որը, որպես կանոն, ունի ավելի մեծ լսարան ու հանրության մոտ շատ ավելի տարածման հավանականություն։
Նիկոլ Փաշինյանն ատում է Արցախը․ այս մասին տարբեր ձևաչափերով փաստական շատ է խոսվել ու ներկայացվել համապատասխան թեզերը․ երբ նա հայտարարում է, թե «հայ ժողովրդի շահերից կբխեր, որ ես չլինեի հայերնասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ», ցինիզմի դրսևորման հերթական մակարդակն է, քանի որ այն գործողություններն ու քայլերի հաջորդականությունը, որն արել ու շարունակում է անել Փաշինյանը, փաստում են այն մասին, որ պետականության կործանման բոլոր նախադրյալներն այսօր առկա են։
Եվ վերջում՝ Արցախի հայաթափման տարեդարձի առթիվ ՀՀ ոչ մի պետական պաշտոնյա ոչ մի ցավակցական խոսք ու հարգանքի խոսք չհնչեցրեց, չայցելեց Եռաբլուր, անգամ կառավարության նիստին մեկ րոպե լռությամբ չհարգեցին մեկօրյա պատերազմի ու Ստեփանակերտի պայթյունի զոհերի հիշատակը։
Արմեն Հովասափյան