21 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նվեր ստացած Էրդողանի գիրքն ու լայն ժպիտը. համացանցում քննադատում են Փաշինյանին

Նվեր ստացած Էրդողանի գիրքն ու լայն ժպիտը. համացանցում քննադատում են Փաշինյանին

Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումը շարունակում է մնալ քննարկումների առարկա։ Երեկ երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո հրապարակված լուսանկարը, որտեղ Փաշինյանը լայն ժպիտով ընդունել է Էրդողանի հեղինակած գիրքը, հանրության քննադատությանն է արժանացել։

Տարբեր սոցհարթակներում մարդիկ իրենց կարծիքներն են հրապարակել՝ հանդիպման և լուսանկարի մասին։ Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ Փաշինյանն ու Էրդողանը վերջին անգամ հանդիպել էին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, որտեղ Փաշինյանը ստորագրել էր փաստաթուղթ, որով Ալմա Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Արցախը հանձնում էր Ադրբեջանին։

«Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել է 2024 թվականի սեպտեմբերի 24-ին։ Նույն օրը Սահմանադրական դատարանը քննարկել է մի փաստաթուղթ, որով, Ալմա Աթայի հռչակագրի վկայակոչմամբ, Հայաստանը կհանձնվի Թուրքիային»,-գրել է Ղազարյանը։

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է գրել, որ պետության գոյության քննությունը պատերազմին պատրաստ լինելն է։

«Խաղաղություն մուրացողները միշտ պատվողները, լուծարվողները, հարճ-պետություն դարձողներն են: Ամեն լիդեր իր կյանքի կոնցեպտով է պետություն կազմում, ինչպիսն կա ու եղել է, էդպիսի պետություն էլ ունակ է ու ցանկանում է կառուցել. ղումարբազ է՝ ղումար-պետություն է կառուցում, հարճ է՝ հարճ-պետություն է կառուցում… Մնացածը ձևակերպման հարց է։ Մուրացիկը ՄԱԿ-ում Էրդողանի հետ է հանդիպել»,-գրել է քաղքագետը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ իր գրառման միջոցով հիշեցրել է, որ Էրդողանն ուղիղ կապ ունի 44-օրյա պատերազմում մի քանի հազար հայ զոհերի հետ։

«Երկու օրից սեպտեմբերի 27-ն է, ու դու էիր «հրամանատարը», ու երեխեքին դու էիր ուղարկել այնտեղ, որտեղից հետ չեկան, որտեղ նրանց սպանեց ձեռքիդ գրքի հեղինակը»,-գրել է Վարոսյանը։

Մարդկանց անհանգստացրել է նաև այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում գտնվող «Թուրքական տանը», որը զբաղվում է հակահայկական քարոզներով։ Օգտատերերից մեկը քննարկում էր սկսել ֆեյսբուքում, արդյոք արժե՞ր, որ Փաշինյանը գնար «Թուրքական տուն», թե՞ ոչ։

Օգտատերերը նաև համեմատականներ են անցկացրել թուրք և հայ պաշտոնյաների միջև՝ նշելով, որ թուրքական կողմից ներկայացված պաշտոնյաները ավելի ազգային են, քան Հայաստանը ներկայացնողները։

«Ովքե՞ր են ներկայացնում Հայաստանը թուրքական քաղաքականության գելերի դեմ։ Հայկական կողմը՝ Փաշինյան, Միրզոյան, Կոստանյան, Բաղդասարյան։ Նրանց դիմաց Էրդողան, ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, հետախուզության պետ Իբրահիմ Քալըն։ Սա մեր ամոթն ու խայտառակությունն է»,-գրել է Դավիթ Ֆիդանյանը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանին էլ Փաշինյանի լայն ժպիտը դուր չի եկել։

«Դրա դեմքի մեղսավոր քծնողի ժպիտը․․․ ոճրագործի դռանը չոքածի ու ոչ մի բան լինելու զգացումը․․․»,-գրել է պատգամավորը։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն էլ գրել է․ «Շունը շան գիրքը սրտին մոտ պահած զվարթ֊զվարթ մտնելու է Հայաստան։ Իսկ սա մենք ընդունում ենք»։