Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը. Վրաստանի վարչապետ
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացը և երկու երկրներին առաջարկում է հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ․ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
«Գիտակցելով խաղաղության կարևորությունը՝ մենք առաջատար դեր ենք խաղացել Հարավային Կովկասի տարածաշրջանը հակամարտությունների տարածաշրջանից հնարավորությունների տարածաշրջան դարձնելու ջանքերում։
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը, հատկապես հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:
Մենք ցանկանում ենք ապահովել տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, որն աջակցում է երկրների միջև համագործակցության և վստահության կառուցմանը, որպեսզի երաշխավորվի, որ տարաձայնությունները կմնան անցյալում, իսկ տարածաշրջանի ռեսուրսներն ու առավելությունները կառաջարկվեն աշխարհին», -հայտարարել է նա։