Ռուսաստան-Իրան հարաբերություններում լարվածությունն աճում է «Զանգեզուրի միջանցքի» պատճառով, գրել է The Jerusalem Post-ը: Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերին աջակցություն են հայտնել այս միջանցքին, որը կկապի Ադրբեջանը Ռուսաստանին և Թուրքիային՝ շրջանցելով հայկական անցակետերը։ Իրանը չափազանց դժգոհ է այս միջանցքին Ռուսաստանի աջակցությունից, քանի որ այն կխզի աշխարհագրական կապը Երևանի և Թեհրանի միջև։
Զուգահեռաբար, Բաքուն և Մոսկվան ամուր գործընկերական կապեր ունեն։ Մյուս կողմից՝ Բաքուն օգնում է Արևմուտքին հրաժարվել ռուսական նավթից և գազից՝ առաջադրվելով որպես կենսունակ այլընտրանք, որը կարող է ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Բաքուն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և մարդասիրական օգնություն է ուղարկել Կիև։
«Մինչ Թեհրանը բարկացած է Զանգեզուրի միջանցքի հարցում Պուտինի աջակցության պատճառով, Ռուսաստանը փորձել է տապալել Հայաստանի իշխանությունը և այն փոխարինել ավելի բարեկամական ռեժիմով։ Ըստ երևույթին՝ Մոսկվան ցանկացել է փոխարինել Փաշինյանի կառավարությանը, քանի որ նրանք ցանկանում են դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), որը Հայաստանի կառավարությունը համարում է վտանգավոր Հայաստանի անվտանգության, գոյատևման ու պետականության համար», – նշվել է հոդվածում։
Չնայած նրան, որ Փաշինյանի կառավարությունն ավելի մոտ է Արևմուտքին և Իրանին, քան ներկայումս Մոսկվային, կարևոր է հիշել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները մնում են ամուր։ «Հայաստանը շարունակում է մնալ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները շրջանցելու գլխավոր հանգույցը։ Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը չունի սեփական ռեսուրսներ նման ապրանքաշրջանառության համար։ Պարադոքսալ պատկեր է ստեղծվում, երբ մի կողմից Արևմուտքը ֆինանսավորում է Ուկրաինայի դիմադրությունը ռուսական ագրեսիայի դեմ, իսկ մյուս կողմից՝ թույլ է տալիս Հայաստանին փող աշխատել հենց այս ագրեսիայի վրա՝ փաստացի խրախուսելով վերաարտահանման սխեմաները Հայաստանի միջոցով», – գրել է The Jerusalem Post-ը։
Այնուամենայնիվ, որոշ արևմտյան մեկնաբաններ քննադատել են Պուտինի վերջին այցն Ադրբեջան՝ պնդելով, որ Բաքուն ռուսամետ և հակաարևմտյան դիրքորոշում է ընդունում: