Փոփոխություն հայտնի սցենարում․ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը բացակայում էր ոչ միայն Միրզոյանն, այլև՝ հանրապետության դրոշը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում հանդիպել է ՀԱՊԿ-ի գործընկերների հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը սպասելիորեն անտեսել է հանդիպումը, գրել է Коммерсант-ը։
Առաջին անգամը չէ, որ ՀԱՊԿ գործընկերները հանդիպում են Միրզոյանի բացակայությամբ։ Սա հայտնի սցենար է։ Սակայն հատկանշական է, որ համատեղ լուսանկարահանման արարողությանն այս անգամ բացակայում էր ոչ միայն հայ նախարարը, այլև՝ հանրապետության դրոշը։
Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել էր սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը։ Մինչդեռ, ինչպես ցույց տվեց Նյու Յորքի հանդիպումը, ՀԱՊԿ անդամները շարունակում են ձևացնել, թե ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել։
Հանդիպմանը հաջորդած ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նույնիսկ չի հիշատակվել Հայաստանի մասին։ Նշվել է միայն, որ զրույցի ընթացքում «դիտարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների լայն շրջանակ»։