25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS

«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS

Հոլանդական NOS հանրային հեռարձակողը «Պատմության միտումնավոր ջնջում» խորագրով հոդված է հրապարակել օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Այս մասին գրում է Tert.am կայքը։

«Մեկ տարի անց այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր փախան Լեռնային Ղարաբաղի անկլավից՝ վախենալով էթնիկ զտումներից, նրանց նախկին ներկայության ապացույցները գնալով դառնում են պակաս տեսանելի», – ասվում է հոդվածում։

NOS-ի կողմից հաստատված արբանյակային լուսանկարների համաձայն՝ հիմնովին ավերվել են բազմաթիվ հուշարձաններ, շենքեր, գերեզմանատներ և նույնիսկ ամբողջ գյուղեր։

Ուտրեխտի համալսարանի ժառանգության հարցերով պրոֆեսոր Գերջան Պլեցը նշել է, որ պատերազմից հետո ադրբեջանցիները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ, և շինությունները մեկը մյուսի հետևից քանդվում են: Այս գործընթացը սկսվել է ավելի վաղ՝ 2020 թվականին, երբ Ադրբեջանը վեցշաբաթյա պատերազմից հետո գրավել էր տարածքի մի մասը։ Ըստ տվյալների հավաքմամբ զբաղվող ACLED նախագծի՝ 2021 թվականից ի վեր գրանցվել է էթնիկ հայերի պատմական, կրոնական, քաղաքական կառույցների և բնակության վայրերի ոչնչացման մոտ ութսուն դեպք։ 2023 թվականի սեպտեմբերից այս ցուցանիշը միայն աճել է։ Մշակութային ժառանգության այս ոչնչացումը նշանակում է, որ հայկական մշակույթը դանդաղ, բայց անհետանում է այս տարածաշրջանից։

«Մշակութային ժառանգության ավերումը հակառակորդի պատմությունը միտումնավոր ջնջելու միջոց է», – նշել է Պլեցը:

Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ավերածությունները ոչ միայն երևում են արբանյակային լուսանկարներով, այլև արձանագրվել են ադրբեջանցի զինվորների կողմից։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մտնում հայկական եկեղեցի և ավերածություններ պատճառում:

«Մշակութային ժառանգությունն օգտագործվում է նաև հողի իրավունքն օրինականացնելու համար: Այն ոչնչացնելով՝ դուք էթնիկ մի խմբին զրկում եք իրենց պատմական արմատներից այդ վայրում», – հավելել է Պլեցը:

Ինչպես նշում է NOS-ը, քանդելով այս տարածքում դարեր շարունակ կանգուն եղած կառույցները՝ պատմության մի մասը ջնջվում է: