21 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիբանանում պարենի, դեղորայքի խնդիր դեռ չկա, բայց վիճակը մտահոգիչ է. Շահան Գանտահարյան

Լիբանանում պարենի, դեղորայքի խնդիր դեռ չկա, բայց վիճակը մտահոգիչ է. Շահան Գանտահարյան

Իսրայելական գործողությունները անընդհատ շարունակվում են, ակտիվ գործողությունները հիմա սահմանին են կատարվում։ ABC media-ի հետ զրույցում ասել է լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

«Իսրայելը շարունակում է ԱԹՍ-ներով հարվածել Լիբանանի տարբեր հատվածների, դրանք անսպասելի են ու պարբերաբար։ Նրանց գործողությունից հստակ պարզ է, որ ներխուժման են ձգտում։ Իսրայելը նաև ձգտում է ստիպել, որ «Հեզբոլլահը»  հետ քաշի զորքը, մինչդեռ վերջինս հստակ հայտարարել էր, որ հետ չի կանգնելու։ Նրանք ընդգծել են՝ պատրաստ են դիմակայելու հարձակումներին»,- ասել է Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ Լիբանանի ռմբակոծվող հատվածներում գործում են միայն տեղական օդանավակայանները, մյուսները չեղարկել են թռիչքները։ Գանտահարյանը հիշեցրել է Իսրայելի սպառնալիքն Իրանին, ըստ որի, պատրաստ են հարվածել իրանական ինքնաթիռներին, որովհետև կարծում են՝ զենք են տեղափոխում Լիբանան:

«Այսինքն՝ Իսրայելը ուզում է ասել՝ վերահսկում է թե՛ ցամաքային հատվածներում, թե՛ օդային տարածքում»,- ասել է Գանտահարյանը։

Ներլիբանանյան շրջանակներ կան, որոնք կողմ չեն «Հեզբոլլահի» մասնակցությանը Իսրայելի դեմ պատերազմում, բայց ռազմական այս կառույցի  ղեկավարի սպանությունից հետո կա ընդհանուր կոնսենսուս՝ համերաշխության, միասնության վերաբերյալ։

«Բնակիչները քարտուղարի սպանությունից հետո ավելի զուսպ են և հասկանում են՝ ներքին պառակտումները չպետք է լինեն։ Առանց այդ էլ երկրում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, հումանիտար բազմաթիվ խնդիրներ կան, հազարավոր տեղահանվածներ»,- ասել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը՝ ներկայացնելով նաև ներլիբանանյան իրավիճակը։

Նա նշել է, որ Լիբանանում դեռ պարենի, դեղորայքի խնդիր չկա, բայց մտավախությունը մեծ է: