Բայդենը հորդորել է Իսրայելին պատասխան հարված հասցնելիս խուսափել Իրանի միջուկային օբյեկտները գրոհելուց․ Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա բարձրաստիճան օգնականները հորդորել են Իսրայելին պատասխան հարված հասցնելիս խուսափել Իրանի միջուկային օբյեկտները գրոհելուց, ինչը վկայում է Իսրայելի վրա ազդելու ԱՄՆ հնարավորությունների սահմանափակման մասին․ այս մասին գրում է Politico-ն։
Վարչակազմի երկու պաշտոնյա, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, նշել են, որ այն բանից հետո, երբ Իսրայելի վրա հարյուրավոր իրանական հրթիռներ արձակվեցին, Բայդենի վարչակազմը բավարարվում է Իսրայելի արձագանքը սահմանափակելու փորձերով, այլ չի ձգտում լիովին կանխել դա։
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ն ակտիվ կապի մեջ է Իսրայելի հետ պատասխան գործողությունների թեմայով, որը կարող է ներառել նաև ռազմական հարված։ Որպես հնարավոր տարբերակ են համարվում հարվածները Եմենում և Սիրիայում իրանական ուժերին։