27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկական երթ. ինչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը

Հայկական երթ. ինչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը

Այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին Հայաստանը ցնցվել է ռեկորդային բողոքի ցույցերով։ Պատճառը Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատումն էր, որի ընթացքում Երևանը զիջել է չորս գյուղ։ Այլ պատճառներից են Ղարաբաղի կորուստը, Ադրբեջանին և Թուրքիային հետագա զիջումների գնալու կառավարության պատրաստակամությունը և երկրի Սահմանադրությունն ու պատմությունը վերաշարադրելու փորձերը, գրել է Известия-ն։ Ամենամեծ հանրահավաքներին, որոնք տեղի են ունեցել մայիսի 9-ին և 26-ին, ինչպես նաև հունիսի 12-ին, մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Ակտիվիստները փակել են նաև կենտրոնական մայրուղիները։

Թվում էր, թե ընդդիմությունն իշխանությունը զավթելու իրական հնարավորություն ունի, սակայն դա տեղի չունեցավ։ Մի կողմից՝ Հայաստանի ուժայինները կոշտ կերպով ճնշեցին կառավարական շենքեր ներխուժելու բոլոր փորձերը, մյուս կողմից՝ ընդդիմության առաջնորդներն իրենք են կրճատել իրենց ակտիվությունը՝ հայտարարելով ամառային արձակուրդ։ Արդյունքում՝ սեպտեմբերի 22-ին սկսվեց աշնանային քաղաքական սեզոնը, երբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում հավաքվեցին Նիկոլ Փաշինյանի հակառակորդները։ Այնտեղ ընդդիմությունը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի և իր նպատակների մասին։ Առաջին փողոցային ակցիան երկակի տպավորություն է թողել։ Մի կողմից՝ գարնան համեմատ նկատելիորեն քիչ մասնակիցներ կային։ Դատելով տեսանկարահանումներից և լուսանկարներից՝ հանրահավաքին մասնակցում էին մինչև 5 հազար մարդ, թեև մայիսին և հունիսին հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ։ Դիտորդները նաև նշել են, որ ցուցարարներն իրենց բավականին հանգիստ են պահել և իրենց պատրաստ չեն զգում կոշտ դիմակայության։

Ընդհանուր առմամբ՝ կարող է թվալ, թե այս աշնանը Հայաստանի ընդդիմության համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Այդ մասին, մասնավորապես, վկայում են բազմաթիվ սոցհարցումներ․ քաղաքացիների միայն 8%-ն է դրական գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, 75%-ը բացասական է գնահատում, 67%-ը կարծում է, որ ներկայիս իշխանությունն ի վիճակի չէ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, որը հիմնված կլինի երկրի շահերի վրա։

Բացի այդ՝ Երևանում Բաքվի ճնշման տակ սկսել են խոսել պետական հիմնական կանոնակարգերը, այդ թվում՝ Սահմանադրությունը, վերաշարադրելու մասին։ Այս բոլոր թեմաներն ապագայում կարող են պայթյունավտանգ դառնալ, բայց այս պահին ամեն ինչ սահմանափակվում է խոսակցություններով և կանխատեսումներով։

Ընդդիմության խնդիրներից մեկը սեփական հստակ ծրագրի բացակայությունն է։ Բագրատ Գալստանյանը և նրա համախոհները շատ են քննադատում Փաշինյանի քաղաքականությունը, բայց հստակ և հասկանալի այլընտրանք չեն առաջարկում։ Երբեմն այնպիսի զգացողություն է առաջանում, որ ցուցարարները խոսում են «լավի համար» ոճով։