27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
COP29-ին ընդառաջ ԵՄ-ը էպետք  հակազդի Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարմանը․ պահանջում են առաջատար իրավապաշտպան կազմակերպությունները

COP29-ին ընդառաջ ԵՄ-ը էպետք  հակազդի Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարմանը․ պահանջում են առաջատար իրավապաշտպան կազմակերպությունները

Արևմտյան երկրները պետք է օգտագործեն այս տարվա COP29 կլիմայական բանակցությունները Ադրբեջանում, որպեսզի ճնշեն Բաքվին լրագրողների, ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների նկատմամբ «արատավոր ճնշումների» համար, նշվել է Human Rights Watch-ը և Freedom Now առաջատար իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ զեկույցում ։

Կազմակերպությունները կոչ են արել Եվրամիությանը և այլ միջազգային կազմակերպություններին պաշտպանել Ադրբեջանում «կամայականորեն կալանավորված» քաղբանտարկյալների իրավունքները, քանի որ աշխարհի ուշադրությունը սևեռված է լինելու ավտոկրատ ռեժիմի վրա, երբ տարբեր երկրների առաջնորդներ նոյեմբերին մեկնեն Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի՝ կլիմայի վերաբերյալ ամենամյա ագաթնաժողովին։

«Ձերբակալությունների և դատապարտումների վերջին ալիքը վախ է սերմանել մնացած անկախ և քննադատական ձայների մեջ։ Մեծ թվով քաղաքացիական ակտիվիստներ լքել են երկիրը 2023 թվականի նոյեմբերից՝ ավելի նվազեցնելով կազմակերպությունների և ակտիվիստների բազմազանությունը, ովքեր հանդես են գալիս հանուն մարդու իրավունքների՝ մարտահրավեր նետելով կառավարությանը», – նշվել է զեկույցում:

Ըստ հասարակական կազմակերպությունների՝ Եվրամիությունը և նրա անդամ երկրները, որոնք խորացնում են իրենց կախվածությունը Ադրբեջանից, պետք է իրենց առևտրային կապերը պայմանավորեն «մարդու իրավունքների պաշտպանության կոնկրետ պարտավորություններով»:

Զեկույցում ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունները մի շարք կեղծ գործեր են հարուցում լրագրողների և հասարակական կազմակերպությունների աշխատակիցների դեմ՝ կապված փողերի մաքսանենգության հետ: Նրանք «նաև ենթարկվում են մի շարք այլ քրեական մեղադրանքների, ներառյալ՝ ապօրինի ձեռնարկատիրությունը, փողերի լվացումը, փաստաթղթերի կեղծումը և հարկերից խուսափելը»:

Անդրադարձ է կատարվել անցյալ տարի կալանավորված Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի գիտնական Գուբադ Իբադողլուին, ինչպես նաև խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովին, ով ձերբակալվել էր դավաճանության մեղադրանքով՝ իբր հայ երիտասարդների հետ կապեր պահպանելու համար:

«Քաղաքացիական ազատությունների նկատմամբ Ադրբեջանի կառավարության արհամարհանքը վերացման ճանապարհի վրա է դնում անկախ խմբերին և քննադատական լրատվամիջոցներին։ Սա այն չէ, ինչ կառավարությունը պետք է ներկայացնի իր մասին COP29-ի նախօրեին: Կառավարության համար դեռ ուշ չէ բարելավել իր հեղինակությունը՝ ազատելով բանտարկված քննադատներին և անհապաղ վերջ դնելով քաղաքացիական հասարակության դեմ կեղծ մեղադրանքների կիրառմանը, սակայն նա պետք է գործի հիմա», – նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան:

Նավթով և գազով հարուստ Ադրբեջանը դասվել է աշխարհի ամենաքիչ ժողովրդավարական երկրների շարքում և Freedom House-ի կողմից բնութագրվում է որպես «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ»։

Անցյալ տարվա սեպտեմբերին ադրբեջանական զինուժը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի վրա, ինչը հանգեցրել է 100,000 էթնիկ հայ բնակչության զանգվածային արտագաղթին, իսկ Արցախի առաջնորդները ձերբակալվել են։

Անցյալ շաբաթ մոտ 60 ամերիկացի օրենսդիրների կողմից ստորագրված բաց նամակը կոչ էր անում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին «ճնշել Ադրբեջանին բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և ռազմագերիներին՝ ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ, անհապաղ և անվերապահ ազատ արձակելու համար»:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ղեկավարում է երկիրը 2003 թվականից, կոչը որակել է «զզվելի» և խոստացել որ այն «չի ազդի մեր կամքի վրա»: