26 Դեկ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի գործողությունը Լիբանանում չի ավարտվի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ

Իսրայելի գործողությունը Լիբանանում չի ավարտվի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ

Իսրայելի ընդլայնվող ռազմական գործողությունը Լիբանանում դժվար թե ավարտվի նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին։

Նրանց խոսքով՝ ներկա վիճակը լավատեսություն չի ներշնչում, որ Իսրայելը կանգ կառնի:

Հրատարակությունը նշում է, որ Իսրայելի քաղաքական ղեկավարության հռետորաբանության փոփոխությունը և սահմանամերձ շրջաններից բնակչության տարհանման մասշտաբները մեծացնում են Արևմուտքում իսրայելական գործողության մոտալուտ ավարտի կասկածները։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք ներթափանցեցին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալները։

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և ռազմական գործողություն սկսել այդ գոտում։ Սեպտեմբերի 23-ին իսրայելական բանակը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 30-ին այն հայտարարել է հարավային Լիբանանի սահմանային շրջաններում սահմանափակ ցամաքային գործողություն սկսելու մասին: