20 Նոյ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևի սպասարկու «քարոզիչը»

Ալիևի սպասարկու «քարոզիչը»

Սեփական օրակարգը չսպասարկող և բացառապես օտար (թշնամու) շահերին ծառայող իշխանությունը չարիք է ցանկացած պետության համար. սա աքսիոմատիկ ճշմարտություն է և քանիցս ապացուցված փաստ։ Այս կատեգորիան քաղաքագիտության մեջ ունի իր անունը՝ կոլաբորացիոնիստ։ Եթե թարգմանենք պարզ լեզվով, ապա խոսքն այն գործողությունների մասին է, որոնք կիրառողն օգնում է անել այն, ինչ դիմացի կողմը ցանկանում է կամ խնդրել է կամավոր։ Ի դեպ՝ ինչպես պատմաբան Գերհարդ Հիրշֆելդն է ասում՝ այս երևույթը «նույնքան հին է, որքան պատերազմը և տարածքների օկուպացումը»:

Կոլաբորացիոնիստը, որպես կանոն լինում է նաև ստրկամիտ, կամ որ նույնն է՝ թշնամու ծառա։ Ստրկամտությունը հոգևոր տգիտության և հոգևոր անազատության վիճակ է. ինչպես տգետը, այնպես էլ ստրկամիտը, հասարակության մեջ ձեռք բերելով բարձր կարգավիճակ, ունենալով իշխանություն, բայց մնալով ստրկական հոգեբանության կրող, քողարկվում են ընդհանուր շահի ու բարոյականության դիմակով և դառնում չարիք: Նա զուրկ է ազատ մտածելու և ազատ գործելու կարողությունից, թեև կարող է ունենալ ժամանակակից մարդուն բնորոշ ատրիբուտներ, ասենք, լինել դիպլոմավորված, լավատեղյակ ժամանակակից գիտության ու արվեստի նվաճումներին, իրազեկված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, բայց այդ ամենի հետ մեկտեղ չունենալ սեփական տեսակետ: Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ ստրկամիտը չունի իր «ես»-ը, դիմազուրկ է, համակերպվող, զուրկ սեփական արժանապատվության զգացումից, ազատությանն անընտել է, գնահատում ու հասկանում է բռնակալականը:

Համաձայնեք, որ այս նշված եզրույթները համադրելով, ձեր աչքի առաջ հայտնվեց ՀՀ այսօրվա ղեկավարությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի։ Այսօր Փաշինյանը չի սպասարկում հայկական շահը, նա ադրբեջանական նարատիվների ու թուրքիզմի թիվ մեկ քարոզիչն է հայկական իրականության մեջ, իսկ այն, ինչը նա գեղեցիկ փաթեթավորմամբ հրամցնում է հանրությանը, էժանագին դեմագոգիա է։

Ինչպես հայտնի է՝ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը տարբեր առիթներով շատ են խոսում «ինքնիշխանության», «ՀՀ ինքնավարության», «վերջին 30 տարվա ընթացքում վերջապես անկախությունը վերականգնելու» և նմանօրինակ այլ՝ հնչեղ, բայց ոչ մի նյութական հիմք չունեցող պնդումների մասին։ Սա, ըստ էության, նրանք տիրաժավորում են՝ այդ կերպ փորձելով իրենք իրենց համոզել, իբր ինքնուրույն են իրենց քայլերում ու որոշումների կայացման հարցում, սակայն փաստերն ու իրադարձությունները խոսում են տրամաբանորեն հակառակի մասին։ Մի բան է մեծաբերան հայտարարություններ անելը, լրիվ այլ, թե ինչ է տեղի ունենում realpolitik-ում, իսկ realpolitik-ում մենք պարզորոշ կերպով տեսնում ենք, որ Փաշինյանը, որպես հլու-հնազանդ ծառա, գլխիկոր կատարում է Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող հանձնարարականները։

Բոլորիս աչքի առաջ, ակնհայտ թուրքական պահանջով Փաշինյանն ուրացավ հայկական ինքության սիմվոլ Արարատ լեռը՝ հանրության շրջանում միանգամից ակտիվ կերպով փառաբանելով Արագածը։ Նախ նա հայտարարեց, թե ինքը «29,800 քառակուսի կիլոմետրանոց հատվածի վարչապետն է», նշեց, թե իր համար ՀՀ խորհրդանիշը Արագածն է, որ մենք տներում պատից կախված  չունենք Արագածի պատկերը։ Փաշինյանը դա անում էր շատ նուրբ սոուսով, որպեսզի մարդկանց մոտ էմոցիոնալ պարպումներ չառաջանան։ Նա այս թեզն այնքան է «սեփականացրել», որ անգամ իր համազգեստի վրա է կրում Արագածի տարբեր տեսարաններ, ասուլիսների ժամանակ «25-րդ կադրով» գովազդում Արագածը, մարդկանց համոզում, որ այն կարող է  փոխարինել Արարատին։

Ալիևի ծառան լինելու մի դրսևորում էր նաև Տավուշում տեղի ունեցած, «դեմարկացիայի» հայտնի պատմությունը․ բոլորս ենք հիշում, որ, այսպես կոչված, «անկլավների» մասին հիշատակում կար նոյեմբերի 9-ի փաստաթղթի առաջին հրապարակված տարբերակում, որտեղ հստակ նշվում էր այն ժամանակացույցը, ըստ որի՝ պետք  է այդ տարածքները հանձնվեին Ադրբեջանին, սակայն արդեն ավելի ուշ հրապարակված տարբերակում այդ տողն անհետացավ։ Փաշինյանը դա ներկայացրեց, որպես «դիվանագիտական նվաճում», ավելի ուշ նա խոսեց հայտնի՝ «ձեռքերը կտրելու, տարածք չտալու» թեզի մասին, սակայն, ինչպես հետագայում պարզ դարձավ, այդ հարցը օրակարգում շարունակել էր մնալ։ Ըստ էության՝ այստեղ տեղի է ունեցել հետևյալը․ Փաշինյանն Ալիևից ժամանակ է խնդրել՝ հարցի լուծումն ապագային թողնելու համար, որպեսզի ինքը կարողանա հանրությանն աստիճանաբար տրամադրել՝ վստահեցնելով, որ որոշ ժամանակ անց Ալիևը կունենա այդ տարածքները, բայց այլ փաթեթավորմամբ՝ ինչը և մենք տեսանք (Սահմանադրությունը փոխելու ալիևյան պահանջի, Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին դաշտում շատ է խոսվել)։

Այսօր արդեն կանգնած ենք մեկ այլ, ոչ պակաս դաժան ու խայտառակ փաստի առաջ․ օրերս Ալիևը Հայաստանից պահանջել էր ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար։ «Եթե Հայաստանն իսկապես ուզում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, պետք է վճռականորեն դատապարտի գերեվարված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված գազանությունները։ Թեև ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ կատարած որոշ անձինք այսօր ներկայացվում են Ադրբեջանի արդարադատության առաջ, Հայաստանում դեռևս ոչ մի մարդ դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, ընդհակառակը, նրանց հերոսացրել են»,-նշել է նա։ Ալիևը նպատակն Արցախյան առաջին պատերազմի հերոսներին Ադրբեջանին հանձնելն է: Մարդիկ, որոնք կայացրել ու կանգնած են եղել հայ պետականության արմատներում ու ակունքներում, Փաշինյանի ձեռամբ պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Ավելին, Ալևիը փայլուն կերպով ճանաչելով Փաշինյանին, իմանալով, որ նա ատում է «նախկիններին» և ամեն ինչ կանի, որպեսզի նրանցից րոպե առաջ ազատվի, նմանօրինակ մեսիջ է հղում Բաքվից՝ հուշելով այդ «փայլուն» գաղափարը, ինչին ԱԳՆ-ից անատամ ու ոչինչ չասող մի քստմնելի պատասխան է հնչում։

Ըստ էության ստեղծվել է մի իրավիճակ, ըստ որի՝ բնավ բացառված չէ, որ առաջիկայում ականատես կդառնանք մի այնպիսի պատկերի, որտեղ Փաշինյանը հերթական լալահառաչ տեքստը կտիրաժավորի ԱԺ ամբիոնից և հանրությանը կհամոզի, որ «խաղաղության» գինը ՀՀ հերոսներից ու նախկին պետական այրերից ազատվելն է: Չի բացառվում, որ բոլորին «պատերազմական հանցագործ» բնորոշի և գործընթացին «ստարտ» տա (ժողովուրդ ջան, որ չհանձնեմ, պատերազմ կլինի, խաղաղություն չենք ունենա)։ Փաշինյանի տեսակի համար սա լրիվ կանխատեսելի սցենար է, քանի որ նա, բացի սեփական շահն ու աթոռը պահելը, ոչ մի լեյտմոտիվ չունի։  

Ամփոփելով փաստենք հետևյալը․ պոպուլիզմը «չարիքը մարմնավորող» մարդկանց ու խմբերը ժողովրդի ուշադրության կենտրոնում պահելն է: Նրա նպատակը պարզ է. համոզել մարդկանց, որ իրենց բոլոր խնդիրները պայմանավորված են որոշակի հանգամանքների գոյությամբ կամ այլ կերպ ասած՝ որ բոլոր բարդ խնդիրներն ունեն հեշտ լուծումներ:

Արմեն Հովասափյան