22 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
-2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԱԾ գործողությունից հետո նոր աղմուկ՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում

ԱԱԾ գործողությունից հետո նոր աղմուկ՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի շուրջ սկանդալը չի ավարտվում․ այսօր դպրոցի ուսուցիչները բողոքում էին տարածվող այն լուրի դեմ, թե դպրոցի նոր տնօրենի ժ/պ են նշանակում, որն իրենց դպրոցից չէ։ Ինչո՞ւ են այլ մանկավարժի առաջադրում պաշտոնում, եթե դպրոցում այլ կոմպետենտ մասնագետներ կան։  Ուսուցիչներից Իննա Ոսկանյանը պատմում է ԱԱԾ գործողության, ԿԳՄՍ նախարարության վերաբերմունքի և շրջանառվող լուրի մասին։

«Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում եմ սովորել, հիմա էլ այստեղ ռուսերեն եմ դասավանդում։ Այնպես է ստացվել, որ ամբողջ կյանքս այստեղ է անցել ու անցնում։ Անկեղծ ասած՝ ստույգ չգիտեմ, թե տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ինչու՞ են հեռացրել, իմացել եմ ֆեյսբուքյան էջից։ Հիմա մեզ ինչ-որ թեկնածու են առաջարկում, որ նույնպես համացանցից եմ իմացել։ Չգիտեմ՝ հավատա՞մ, թե՞ ոչ, բայց «չկա ծուխ՝ առանց կրակի»։ Ամբողջ ցավն այն է, որ մենք ունենք մեր թեկնածուն և, այնպես չէ, թե կարիք ունենք ինչ-որ մեկ ուրիշի, օտարի կառավարմանը։ Վստահ կարող եմ ասել, որ նա ծանոթ չէ անգամ ներառական կրթությանը։ Մենք ունենք մեր թեկնածուն, որն ամբողջությամբ համապատասխանում է մեր պահանջներին։ Ինչու՞ պետք է գա օտար մարդ»,-հարցնում է Ոսկանյանը:

Ըստ ԿԳՄՍՆ կանոնակարգի՝ տնօրնեին կարող է փոխարինել տնօրենի օգնականը, ուսուցիչ/կոլեկտիվի անդամ, որ 7 տարվա մանկավարժական ստաժ ունի։ Ուսուցչի խոսքով՝ իրենց առաջարկած թեկնածուն ունի պահանջված տվյալները և կարող է ստանձնել տնօրենի ժամանակավոր պաշոնակատարի պաշտոնը։

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ավելի քան 70 մանկավարժ կա, նրանց մեջ չկա՞ գոնե մեկ արժանի մարդ՝ վրդովված ասում է ուսուցիչը։

«Մենք մեր պատքը աշակերտների և ծնողների առաջ շարունակում ենք անել, բայց այս գործողությունները ցնցում է՝ ցնցումի հետևից։ Հինգշաբթի կատարվածն էլ անշնորքություն կկոչեմ, այլ բառեր չեմ ուզում ասել (խոսքը դպրոցի ժ/պ-ին ԱԱԾ գործողության մասին է)։ Չեմ ուզում պնդել, թե կապված են միմյանց հետ, բայց տրամաբանական կապը հերքել էլ չեմ ուզում։ Չի լինում այդպես, հինգշաբթի ներխուժեն դպրոց, այսօր տնօրենի ժ/պ առաջարկեն։ Վախեցած էին աշակերտները։ Այո՛, առաջնայինը նրանք են, բայց ամբողջ դպրոցում կանայք են աշխատում ու մեկը չեկավ հաջորդ օրը՝ տեսնելու՝ ինչպես ենք․ լինի առողջապահության նախարարությունից, լինի ԿԳՄՍ նախարարությունից։ Լավ, մենք հեչ, գոնե աշակերտներին տեսնելու գային։ Դեռ ուշքի չեկած, երկուշաբթի նոր տնօրենի մասին են խոսում»,- ասել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն գործողություն է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում և երեխաների աչքի առաջ բերման ենթարկել ուսուցիչներից մեկին։ Մանրամասները՝ ռեպորտաժում։