1-77 թեժ գիծը չի գործի, ո՞ւմ պետք է զանգի քաղաքացին անհրաժեշտության դեպքում
«Ճանապարհային ոստիկանության» հիմնական գործառույթները վաղուց անցել են «Պարեկային ծառայությանը», իսկ վարչական բողոքներին արձագանքելու են համայնքային ոստիկանները․ ABC media-ի հետ զրույցում ասել է Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ խոսելով 1-77 հեռախոսահամարով գործող թեժ գծի գործունեության դադարեցման մասին։
Հարցին՝ օրինակ ինչպես է կարգավորվելու խնդիրը, երբ մեքենայի, ավտոտնակի ելքը փակում է այլ ավտոմեքենա և միջամտության անհրաժեշտություն է առաջանում, կամ ի վերջո ո՞ւմ զանգել վթարների դեպքում, Նարեկ Սարգսյանը պատասխանեց․ «Ոստիկանությանը առնչվող ցանկացած հարցի դեպքում պետք է զանգահարել 1-02 կարճ հեռախոսահամարին»։
Այս դեպքում 1-02 թեժ գիծը գերծանրաբեռնված չի՞ լինելու, արդյոք ավելացե՞լ են սպասարկող օպերատորները․ մամուլի քարտուղարի խոսքով՝ 1-02 շարունակում է նույն կերպ աշխատել, սակայն բարեփոխումների շրջանակում ստեղծվելու է «Զանգերի միասնական կենտրոն»։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ՝ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կազմալուծմամբ պայմանավորված՝ 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ: