19 Նոյ
2024
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատավորը նպատակահարմար չի համարում «Գոյ»-ի հայցի մասին մանրամասներ հայտնել

Դատավորը նպատակահարմար չի համարում «Գոյ»-ի հայցի մասին մանրամասներ հայտնել

«Գոյ» թատրոնի անձնակազմը շարունակում է իր պայքարը ստեղծագործելու՝ իրենց իրավունքի իրացման համար։ Մեկ շաբաթից ավելի է թատրոնի անձնակազմը «Գոյ»-ի դիմաց նստացույց է իրականացնում` պահանջելով իրենց հարցին միջանկյալ լուծում տալ։ Գոյեցիները ցանկանում են շարունակել ստեղծագործել իրենց թատրոնի շենքում այնքան ժամանակ, քանի դեռ դատարանն օրենքով չի արգելել։

Թատրոնի «ոդիսականը» սկսվեց այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարարության առաջարկով Կառավարությունը որոշեց լուծարել, ապա միավորել այն Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Միավորումը տեղի ունեցավ, ինչպես գոյեցիներն են պնդում, ապօրինի կերպով։ Սկզբում հեռացվեց թատրոնի տնօրենն ու նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանը, ով էլ առանց անձնակազմի կարծիքը հաշվի առնելու՝ ստորագրեց թատրոնի լուծարման փաստաթղթի տակ։

«Գոյ»-ի անձնակազմը ձեռքերը ծալած չնստեց ու դիմեց դատարան, սակայն Սունդուկյանի անվան թատրոնն արդեն հանդիսանում էր «Գոյ»-ի իրավահաջորդը, ուստի Սունդուկյանի տնօրեն Վարդան Մկրտչյանը կարողացավ հրաժարվել «Գոյ»-ի հայցադիմումից։

«Գոյ» թատրոնի անձնակազմն, իրավապաշտպան Կարո Ասատրյանի օժանդակությամբ, ՀՀ վարչական դատարան նոր՝ ճանաչման հայց է ներկայացրել, որով նորից պահանջվում է ԿԳՄՍ նախարարությանից և Սունդուկյանի ղեկավար անձնակազմից՝ ձեռնպահ մնալ որևէ գործողություն կատարելուց, ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչել Սունդուկյանի տնօրենի գործողությունները։ Վարչական դատարանը հայցն ընդունել է որպես վարույթ։

Կծիկն ավելի է քարկապվում, քանի որ ըստ ՀՀ վարչական դատավարության 83-րդ հոդվածի, եթե դատարանը հայցատեսակն ընդունել է վիճարկման, ապա «Գոյ»-ի անձնակազմն իրավունք ունի՝ շարունակել ստեղծագործել մինչև դատարանի կողմից գործի քննության ավարտը։

ABC media-ն գրավոր հարցում է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանին, ում էլ մակագրված է այս գործը։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչ հայցատեսակ են ճանաչել «Գոյ»-ի հայցը։

Դատավորը հորդորեց հետևել «Դատալեքս» դատական կայքին, որտեղ գործի մանրամասները ներառված են, սակայն հատկանշական է, որ այս կայքը տևական ժամանակ է ունի անսարքություն։ Կայքում տեղ գտած տեղեկությունները հին են կամ կիսատ։

«Նշված գործը գտնվում է նախնական փուլում, հետևաբար դեռևս չեն բացառվում հայցապահանջի մասով որոշակի հստակեցումներ, փոփոխություններ կատարվեն, ուստի այս պահին հստակ հայցատեսակի նշումը նպատակահարմար չէ»,-ասված է մեր գրավոր հարցման պատասխանի մեջ։

Փաստացի դատավորը հրաժարվեց պատասխանել հայցատեսակի մասին մեր հարցմանը։

«Գոյ»-ի իրավապաշտպան Կարո Ասատրյանն ասում է, որ սա նախարարության և Սունդուկյան թատրոնի ղեկավար կազմի, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից օրենսդրական շրջանցում է։

«Ես վստահ եմ, որ Վարչական դատավարության օրենսդրությունը հստակ ձևակերպում է , որ դատարանը կաշկանդված չէ ի պաշտոնե մատնանշելու ներկայացված հայցում թերությունները, այդ թվում հայցատեսակի մասին մանրամասներ։ Կարծում եմ, որ դատարանը կարող էր հստակ նշել հայցատեսակի մասին։ Այո՛, չեմ բացառում՝ հնարավոր են փոփոխություններ լինեն, քանի որ գործը նախնական փուլում է, բայց այս պահին հնարավոր էր անդրադառնալ հարցին ու հստակ պատասխան ներկայացնել։ Հայցվորը մենք ենք, մենք գիտենք, որ ներկայացրել ենք վիճարկման հայց»,-ABC media-ի հետ զրույցում ասաց Կարո Ասատրյանը։

Ասատրյանի խոսքով՝ իրենց ներկայացրած հայցը երկու կոմպոնենտ ունի։

«Նախ մենք պնդում ենք անվավեր ճանաչել, վերացնել պետռեգիստրի գրանցումը, որը հաստատել է «Գոյ»-ի դադարեցումը, ու դրանից բխեցնելով՝ վիճարկում ենք համաձայնագիրը, որ կնքվել է պետգույքի կառավարման կոմիտեի և Սունդուկյան թատրոնի կողմից՝ գույքը անհատույց տրամադրելու մասին։ Մենք կարող ենք էլի հայցի հստակեցում անել, բայց հայցի բնույթը դրանից չի փոխվում, մենք հայցի էությունը հստակ գիտենք։ Իմ համար հասկանալի է, որպեսզի մինչև գործի ավարտը չունենանք միջանկյալ լուծում, փորձել են դատարանից շրջանցող պատասխան տալ»,-եզրափակեց նա։