25 Դեկ
2024
5.6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բռնի տեղահանություն Երևանում․ արվեստագետների այգին քանդել են, հերթը՝ արվեստանոցինն է․ ABCmedia-ին ահազանգել են նկարիչները. լուսանկարներ

Բռնի տեղահանություն Երևանում․ արվեստագետների այգին քանդել են, հերթը՝ արվեստանոցինն է․ ABCmedia-ին ահազանգել են նկարիչները. լուսանկարներ

Այսօր՝ առավոտյան ժամը 10-ին, Ֆիրդուսի 42 հասցեում գտնվող արվեստանոցի այգին առանց զգուշացնելու քանդել են։ ABCmedia-ին ահազանգել են արվեստանոցի նկարիչները, աշխատողները։ Նրանք հասել են այն պահին, երբ այգին ամբողջությամբ քանդել էին։

«Այգում կար պտղատու ծառեր՝ ծիրանենի, թզենի, և յասամանի ծառ, որոնք արմատախիլ են արել։ Վնասել են արվեստանոցի տանիքը։ Փորձել են քանդել նաև շենքը, ինչը կանխել են արվեստագետներն ու ոստիկանները։ «Էլիտ գրուպի» աշխատողներն էին քանդում։ Նրանք ասացին՝ սեփականատերերը իրենք են, սակայն որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նրանք մեզ անգամ չէին էլ զգուշացրել, որ նման աշխատանքներ են տանելու»,- պատմել է արվեստագետներից Սիրանուշ Աղաջանյանը։

Նա 7 տարի է՝ նույն արվեստանոցում է աշխատում։ Ոչ միայն աշխատավայր, այլև ստեղծագործելու հնարավորություն, կապվածություն ու տարիների փորձ կա այդ արվեստանոցում՝ ասում է զրուցակիցս։ Նկարիչներից Անժելա Հովակիմյանը, որ այգու ծառերի հիմնական խնամակալներից է, ապշած է կատարվածից։
«Ինչպե՞ս կարող էին մի քանի րոպեում քանդել մեր տարիներով մշակած այգին։ Մեր իրավունքները ամբողջությամբ ոտնահարված է»։

20 օր առաջ ոստիկանները արվեստագետներին տեղեկացրել են, որ տարածքում քանդելու են շենք-շինությունները։

««Էլիտ գրուպը»՝ տարածքի «սեփականատերը», ոստիկանությանը խնդրել է տարածքը ազատել մեզանից։ Մենք զարմացանք, որովհետև այդ տարածքի սեփականատիրոջը ճանաչում էինք ու 7 տարուց ավելի է վարձակալում ենք այլ մարդուց։ Վերջինս կապ չունի «Էլիտ գրուպի հետ»»,- ասել է արվեստագետը։

Ոստիկանները նրանց բանավոր տեղեկացրին, որ փաստաթղթավորված ու որոշված է ամեն ինչ, պետք է 15 օրվա ընթացքում արվեստանոցից դուրս գան, տարածքը ազատեն։

«Մենք 9 արվեստագետ ենք այդտեղ ստեղծագործում, ապրում ու փոխարինող տարածք չենք կարող գտնել։ Մեզ համար Երևանում տեղ գտնելը ահավոր բարդ է։ Կրկնակի բարդանում է հարմար գներով տարածք գտնելու դեպքում։ Ոստիկանությունը միակողմանիորեն մոտեցում է ցուցաբերվել»,- պատմել է Անժելա Հովակիմյանը։

Նա հավելեց՝ արվեստագետների իրավապաշտպանը զբաղվում է այդ հարցով։ Երևանի ներսում անգամ մարդկանց բռնի տեղահանում են՝ հոգեկան ու ֆիզիկական վնաս հասցնելով՝ եզրափակում են զրուցակիցներս։

Անի Աբաղյան